ԻԻՀ նախագահի թեկնածու. Ադրբեջանը Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի
Իրանը չպետք է Ադրբեջանի սպառնալիքների նկատմամբ անտարբերություն ցուցաբերի:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքին տված հարցազրույցում՝ նշել է Իրանի նախագահի թեկնածու, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահի թեկնածուն, անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին և որոշ հարևան երկրների հետ Թեհրանի ունեցած ոչ բնականոն հարաբերություններին, մասնավորապես պատասխանել է. «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կասպից ծովի տարածաշրջանում նոր պետություններ ստեղծվեցին, որոնց թվում էր նաև Ադրբեջանը: Առանց չափազանցության կարելի է ասել, որ Ադրբեջանը ներկայում Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի: Ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ այնպիսի քայլեր են կատարում, որոնք սպառնում են Իրանի տարածքային ամբողջականությանը: Ուստի Իրանի պատասխանատու պաշտոնյաները չպետք է Ադրբեջանի սպառնալիքների նկատմամբ անտարբերություն ցուցաբերեն»:
Նշենք, հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին 8 թեկնածու է մասնակցում: Մայիսի 21-ին ԻԻՀ Սահմանադրության պահապանների խորհրդի կայացրած որոշմամբ՝ ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին և գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցը՝ Էսֆանդիար Ռահիմ Մաշային լիազորություն չեն ստացել մասնակցելու նախագահական ընտրապայքարին:
Ի տարբերություն Ռաֆսանջանիի և Մաշայիի՝ Սահմանադրության պահապանների խորհրդի որոշմամբ՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար (ԻՀՊԿ) Մոհսեն Ռեզային, Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին և ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի (1997-2005թթ.) առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը արժանացել են Խորհրդի հավանությանը:
Նախորդող հրապարակում՝
Իրանի նախագահի թեկնածու. «Ազարբայջան, այսինքն՝ Իրան»
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են