ԱՄՆ դեսպանությունը հերքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և պաշտպանության նախարարի հայտարարությունը
«Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ն խորհուրդ է տվել ընտրություններում միասնական ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիին տալ ձայների 25%-ը, սուտ է»: Ըստ ադրբեջանական «Haqqin.az» լրատվական պորտալի` «Ազատություն» ռադիոկայանին այդ մասին հայտնել են ԱՄՆ դեսպանատանը:
Պորտալը հիշեցնում է, որ նախօրեին լրագրողների հետ ունեցած իր հարցազրույցում Ռամիզ Մեհտիևն ասել է, որ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք խորհուրդ են տվել Ազգային խորհրդի ներկայացուցչին տալ ձայների 25%-ը, իսկ 74-75 վերցնել իրենց. այդպիսի հարաբերակցության դեպքում ԱՄՆ պետդեպարտամենտի գնահատականը հավասարակշռված կլինի:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը նաև մեկնաբանել է այդ երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի միջև կայացած հանդիպումը:
ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը նշում է, որ տվյալ հանդիպումը կառուցողական բնույթ է կրել: «Մորնինգսթարի անունից տարածված խոսքերը ճիշտ չեն», - գրված է հաղորդագրության մեջ:
Պորտալը հիշեցնում է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ` Ադրբեջանում կայացած ընտրությունների մասին խոսելիս Մորնինգսթարն ասել է, որ ընտրություններն արդեն անցյալում են, և Իլհամ Ալիևը հաղթել է: Քննադատությունը ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չի ունենա:
Ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը գրում է, որ Պաշտպանության նախարարությունը արձագանքել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի կողմից արված և մամուլում հրապարակված հայտարարության անճշտությանը: Մամլո ծառայության հայտարարությունում ասվում է, որ հանդիպման ընթացքում որևէ անճշտություն և հայտարարությունների ոչ ճշգրիտ տարածում թույլ չի տրվել, և անհրաժեշտության դեպքում ձայնագրությունը կարող է տարածվել:
Ադրբեջանի ընտրություններում Վաշինգտոնի միջամտության մասին նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի մեղադրանքը մեկնաբանելու` ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խնդրանքով ԱՄՆ պետդեպարտամենտի աղբյուրը հայտնել է, որ պետդեպարտամենտը կարձագանքի դիվանագիտական ճանապարհով մանրամասները ճշտելուց հետո:
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ կառավարության նախկին ներկայացուցիչը, ով հետևել է Ադրբեջանի ընտրական գործընթացին, Բաքվի հավակնություններն անվանել է «կեղծ և անլուրջ»: Եթե Ալիևի ռեժիմը փորձում է այդպիսի ճանապարհով օրինականանցել ընտրությունները, ապա դա ճիշտ չէ, ասել է նա:
Վաշինգտոնի հասցեին պաշտոնական Բաքվի քննադատությունը մեկնաբանելով` Ինդիանայի համալսարանի պրոֆեսոր Մարտին Սփեշլերը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանն ավելի թափանցիկ լինել. «Եթե Ալիևը արժանահավատ ընտրություններ է ցանկանում, ապա նա պետք է հրավիրի միջազգային դիտորդների և բոլոր որակավորված թեկնածուների համար ազատություն ապահովի»:
Ամերիկայի ադրբեջանցիների կազմակերպությունն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը հաճախ ստիպված է լինում տարբեր հարցերով գործ ունենալ աշխարհի ամենավատ ռեժիմների հետ. «Այնուամենայնիվ, կոռումպացված բռնակալներին շնորհավորելու և սեփական ժողովրդին ստելու համար արդարացում պարզապես չկա: Այդպես գործելով`պաշտոնյաները դավաճանում են Ամերիկայի հիմնական ժողովրդավարական արժեքները և իրենց ընտրողների վստահությունը»:
Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ջերալդ Ռոբբինսն այդ կապակցությամբ ասել է, որ ընտրությունների արդյունքները նախօրոք որոշված էին: Նա ընտրություններին դիտորդական պատվիրակություն չուղարկելու ԱՄՆ-ի դիրքորոշումը սխալ է համարում: ԱՄՆ-ի ներկայությունը Ալիևի կառավարության համար ազդանշան կլիներ:
Նախորդիվ` Ալիևի աշխատակազմի ղեկավար. ԱՄՆ-ն առաջարկել է Ադրբեջանին «նկարել» նախագահական ընտրությունների արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա