Ադրբեջանի թալիշների խնդիրները քննարկելու նպատակով Հումմաթովը հրավիրվել է Եվրախորհուրդ
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության թալիշական բաժնի հաղորդմամբ՝ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը Թալիշ-Մուղանյան հանրապետության (1993թ.) նախագահ Ալի Աքրամ Հումմաթովին հրավիրվել է մասնակցելու «Եվրախորհրդի նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 19-ին Բրյուսելում կայանալիք «Խաղաղությունը և համակեցությունը Հարավային Կովկասում» համաժողովին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Եվրախորհուրդը Հարավային Կովկասում ընթացող հակամարտություններում ներքաշված երկրների ղեկավարներին ևս կոչ է արել մասնակցել սույն համաժողովին:
Հիշեցնենք, որ 2013թ, հոկտեմբերին Ալի Աքրամ Հումմաթովը այցելել էր Հայաստան և Արցախ. ԵՊՀ իրանագիտության ամբիոնում ունեցած ելույթի ժամանակ թալիշ ազգային գործիչը, անդրադառնալով Ադրբեջանում թալիշների խնդիրներին, մասնավորապես նշել էր. «Թալիշներն Ադրբեջանում զրկված են իրենց տարրական իրավունքներից: Մեզ՝ թալիշներիս, չեն հարգում, մեզ ոչնչացնում են, մեր հանդեպ վարում են ձուլման քաղաքականություն, իսկ այնուհետև հայտարարում, թե մենք եղբայրներ ենք. Դա պարզապես անտրամաբանական է: Մենք ուզում ենք գրել, կարդալ մեր մայրենի լեզվով, ի պատասխան մեր պահանջներին, նրանք (Ադրբեջանի իշխանությունները) բացահայտ հայտարարում են, դուք՝ թալիշներդ, ապագա չունեք, դուք պետք է ձուլվեք»:
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում լրագրողի այն հարցին, թե եթե պատերազմի լինի, ապա կրկին կհայտնվե՞նք խրամատների տարբեր կողմերում, թալիշ ազգային գործիչը նշել է. «Աստված չանի: Ես չեմ ցանկանում, որ թալիշները մասնակցեն այդ պատերազմին: Ես այստեղից կոչ եմ անում: Դա չի լինի մեր պատերազմը: Դա մեզ պետք չէ: Ես դիմում եմ նաև մյուս բոլոր ժողվուրդներին: Ինչո՞ւ վտանգի ենթարկել Աստծո տրված կյանքը մի պատերազմում, որը մեզ ոչինչ չի տա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան