Իրանի նախագահի օգնական. Իշխանությունները հայերի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել են
«Իրանի իշխանությունները հայերի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել են»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահի՝ կրոնական փոքրամասնությունների և էթնիկական խմբերի հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին:
Իրանի նախագահի օգնականը Թավրիզի Հայոց ազգային առաջնորդարան կատարած այցի ընթացքում, անդրադառնալով իրանահայերի կյանքին, մասնավորապես նշել է. «Հայերը ոչ միայն առօրյա կյանքում, այլև իրենց կրոնական արարողություններն անցկացնելու հարցում որևէ խնդիր չունեն. Նահանգային իշխանությունները նրանց համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել են»:
Հիշեցնենք, որ ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը վերջերս իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Իրանի հայ համայնքի կարևորագույն խնդիրը Հայոց Ցեղասպանության հարցն է: Նրա տեղեկացմամբ՝ իրանահայերի 40 տոկոսը Ցեղասպանությանը զոհ դարձած հայերի ժառանգներն են:
Պատգամավորը, անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների թվին, նշել էր. «Իրանահայերի 98-99 տոկոսը Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, իսկ 1-2 տոկոսը՝ Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների հետևորդներ: Ներկայում ողջ աշխարհում Հայաստանի բնակչության հետ միասին 13-14 միլիոն հայ է բնակվում: Իրանում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների թիվը հասնում է 100 հազարի»:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայությանը շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը: