Թուրքիայում արգելափակվել է Armeniangenocide100.org կայքը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ ստեղծված Armeniangenocide100.org կայքը Թուրքիայի տարածքում արգելափակված է:
Panorama.am-ի հետ զրույցում այս օրերին Թուրքիայում գտնվող տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ևս հաստատեց Թուրքիայի տարածքում կայքի արգելափակված լինելու փաստը:
Վերջինս տեղում փորձեց մուտք գործել կայք, սակայն ապարդյուն: Ավելին, Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Թուրքիայի տարածքում արգելափակված է նաև իր անձնական բլոգի հասանելիությունը:
Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան կեղծ քարոզչական թեզերով փորձ է անում միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել` խոսելով «ընդհանուր ցավի և 1915 թվականի իրադարձությունների քննարկամ համար բաց լինելու» մասին, իսկ սեփական հանրությանը կոպտորեն զրկում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ այլընտրանքային, փաստարկված տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:
Թուրքական իշխանությունների այս քայլը ոչ այլ ինչ է, քան խոսքի ազատության և տեղեկատվության ազատ ստացման հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում: Թուրքիան ոչ միայն շարունակում է Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, այլ նաև հավատարիմ է մնում խոսքի և մամուլի ազատության սահմանափակման իր ավանդական դարձած գործելաոճին, որի մասին բազում անգամներ բարձրաձայնվել է մամուլի ազատությանը վերաբերվող միջազգային զեկույցներում և գնահատականներում:
Armeniangenocide100.org-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքն է, այն հասանելի է երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն և բաղկացած է մի քանի բաժիններից` Ցեղասպանություն, Ճանաչում, Պատմիր քո կյանքը, Նորություններ և Գրադարան: Կայքի այցելուները կարող են ծանոթանալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, դրանց անցկացման ժամանակացույցին, ընթերցել շուրջ 100 տարի առաջ հայկական, ինչպես նաև արտասահմանյան մամուլում Ցեղասպանության վերաբերյալ տպագրված բազմաթիվ հոդվածներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան