Հասան Ռոհանի. «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում Իրանը կանգնած է Իրաքի կողքին
«Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում Իրանը կանգնած է Իրաքի կողքին,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահն այսօր Թեհրանում Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ հանդիպմանը, անդրադառնալով Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից սանձազերծած պատերազմին, մասնավորապես նշել է. «Անկասկած ահաբեկիչների դեմ պայքարելու և դրանց հաղթելու պատասխանատվության բեռը դրված է Իրաքի կառավարության և ժողովրդի ուսերին, սակայն միևնույն ժամանակ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը այդ հարցում կանգնած են Իրաքի կողքին»:
Շարունակելով խոսքը՝ Հասան Ռոհանին հավելել է. «Իրաքում, ինչպես նաև հարևան երկրներում անվտանգության և կայունության հաստատումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին»:
Նկատենք, որ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, օրերս անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Իրանի դեմ ուղղված հնարավոր սպառնալիքներին, մասնավորապես նշել է. ««Իսլամական պետությունը» Իրանի սահմանին մոտենալու համարձակություն չունի: Եթե ԻՊ-ն Իրանի սահմաններից 40 կմ հեռավորության վրա փորձի սպառնալիք ներկայացնել, ապա տեղում կոչնչացնենք, անկախ նրանց՝ թե որ երկրից կփորձի ներթափանցել»:
Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանն էլ օրերս, անդրադառնալով տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին և այդ համատեքստում Իրանին սպառնացող վտանգներին, մասնավորապես նշել է. «Իրանի ռազմական, անվտանգության և ոստիկանական համակարգերն այն մակարդակի վրա են գտնվում, որ կարող են «Իսլամական պետությունից» սպասվող ցանկացած սպառնալիք չեզոքացնել. Եթե այդ խմբավորն ի զորու լիներ սպառնալ Իրանի անվտանգությանը, ապա արդեն արած կլիներ: «Իսլամական պետության» ցանկացած շարժ վերահսկվում է Իրանի անվտագության ուժերի կողմից»:
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին էլ, անդրադառնալով Իրաքում «Իսլամական պետության» ծավալած գործունեության և այդ համատեքստում ԱՄՆ-ի իրականացրած գործողություններին, մասնավորապես նշել էր. «Ինչպե՞ս է հնարավոր, որ Միացյալ Նահանգներն Իրաքի ժողովրդին օգնելու պատրվակով ներկա լինեն այդ տարածաշրջանում, և նրանց տեղակայման վայրից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ կոտորածներ տեղի ունենան, սակայն նրանք ոչ մի քայլեր չձեռնարկեն: Սա չի՞ նշանակում, որ նրանք «Իսլամական պետության» գործընկերներն են: Ւրանը միակ երկիրն է, որ պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Իրանն իր գործողություններով Իրաքում ոչ մի շահ չի հետապնդում, Իրանը Իրաքի նավթի կարիքը չունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան