«Միջուկային համաձայնության» վերաբերյալ Իրանի ու ԱՄՆ-ի տեսակետները հակասում են միմյանց
Իրանի և Միացյալ Նահանգների նախագահները միջուկային խնդրի կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունեն:
Նախօրեին Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև շուրջ 19 օր տևած լարված բանակցությունները վերջապես դրական ավարտ ունեցան: Բանակցությունների ավարտին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետև ուղիղ եթերով ելույթներ ունեցան Իրանի և Միացյալ Նահանգների նախագահները:
Ուսումնասիրելով նախագահների ելույթները՝ նկատում ենք, որ Իրանի միջուկային խնդրի կարգավորման միջանկյալ պայմանագրի՝ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի առանցքային կետերի շուրջ Թեհրանն ու Վաշինգտոնն ունեն տարբեր տեսակետներ:
Պատժամիջոցների վերացում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարում է. «Իրանը միջուկային ծրագրի ոլորտում պետք է շոշափելի քայլեր կատարի, որից հետո նոր պատժամիջոցները կմեղմացվեն: Իրանն առաջիկա 10 տարիների ընթացքում պետք է քայլեր կատարի, որպեսզի մնացյալ պատժամիջոցները վերացվեն, այդ թվում՝ 5 տարվա ժամկետով սահմանափակում է դրվում սպառազինության, իսկ 8 տարվա ժամկետով՝ բալիստիկ հրթիռների հարցում»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարում է. «Համաձայնագրի ուժի մեջ մտնելու առաջին իսկ օրը բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ սպառազինության և հրթիռների վերաբերյալ սահմանվածները, պետք է չեղյալ հայտարարվեն: Եվրոպական Միությունն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին իրենց որոշման մասին պետք է հստակ հայտարարեն, ինչից հետո էլ Իրանը կկատարի իր քայլերը»:
Ուրանի հարստացում
ԱՄՆ նախագահը հայտարարում է. «Իրանն առաջիկա 10 տարվա ընթացքում ցենտրֆուգները չի կարող օգտագործել ուրանի հարստացման համար: Իրանը պետք է առկա ցենտրիֆուգների 2/3-ը կրճատի և տեղակայի այնպիսի վայրում, որը մշտական միջազգային վերահսկողության կենթարկվի»:
Դրա վերաբերյալ Ռոհանին հայտարարում է. «Սկզբից մեզ ասում էին, թե 100 ցենտրիֆուգ պետք է ունենաք, բանակցություններից հետո ասացին, թե 1000 հատ: Ներկա պայմաններում մենք ունենք 6 հազար ցենտրիֆուգ, որից 5 հազարը Նաթանզում, իսկ հազարը՝ Ֆորդոում: Բոլոր այդ ցենտրիֆուգները պահպանվելու են և շարունակելու են ուրանի հարստացման գործընթացը»:
Արաքի ծանր ջրի ռեակտոր
Օբաման հայտարարում է. «Իրանը պարտավորել է Արաքի ծանր ջրի ռեակտորում փոփոխություններ կատարել, որպեսզի այն այլևս չկարողանա միջուկային զենքի համար պլուտոնիում արտադրել»:
Ռոհանին Արաքի վերաբերյալ հետևյալ ձևակերպումն է տվել. «Արաքի ծանր ջրի ռեակտորը կշարունակի համալրվել՝ ըստ համաձայնագրում առկա բաղադրիչների»:
ԱԷՄԳ-ի ստուգումներ
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ցանկացած ժամանակ կարող է ստուգումներ իրականացնել կասկած հարուցող ցանկացած միջուկային հաստատությունում. Այդ պայմանը գործելու է մշտապես»:
Հասան Ռոհանին հետևյալ կերպ է ձևակերպում ԱԷՄԳ-ի կողմից ստուգումներ իրականացնելու հնարավորությունը. «Համաձայնագրի գործելուց 10 տարի անց, առանց ԱԷՄԳ-ի եզրակացության՝ Իրանի միջուկային ծրագրի փաթեթը հանվելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից»:
Անդրադառնալով Վիեննայում նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ նշենք, որ այն ավարտին հասցրեց 2013թ. նոյեմբերին Ժնևում ստորագրված համաձայնագրի առաջին փուլը, որը նախատեսում էր վեց ամսվա ընթացքում (2014թ. հունվարի 20-ից սկսած) շարունակել բանակցությունները, մինչև կողմերը կմշակեին վերջնական համաձայնագրի տեքստը, սակայն երբ 2014թ. հուլիսի 20-ին համատեղ քայլերի ծրագրի կատարման համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվեց, կողմերն այդպես էլ համաձայնության չհասան. բանակցությունները չորս ամսով ևս երկարացվեցին՝ մինչև նոյեմբերի 24-ը: 2014թ. նոյեմբերին Վիեննայում 7 օր տևած լարված բանակցություններից հետո ժնևյան համաձայնագիրը չտապալելու համար կողմերը որոշում կայացրեցին բանակցությունները երկարացնել մինչև 2015 թ. հուլիսի 1-ը:
Չնայած Իրանի և Միացյալ Նահանգների հակասական հայտարարություններին՝ Վիեննայում տեղի ունենցածը կարևոր ձեռքբերում էր: Եթե կողմերին հաջողվի հավատարիմ մնալ շուրջ երկու տարի տևած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա փուլ առ փուլ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության:
Արմեն Իսրայելյան, իրանագետ