ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ. ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԱՐԱԳԱՀԱՍ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին` ունի 35-օրվա տեղաշարժ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Այս տարի տոնը նշվելու է հունվարի 21-ին: Այդ օրը Սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սրբին նվիրված պատարագ: Ըստ քահանայի, վերջին տարիներին տոնը մեծ հասարակայնություն է վայելում: «Դրա վառ ապացույցը երեկվա բազմաթիվ զանգերն են: Հետաքրքրությունը հիմնականում նկատվում է երիտասարդների` մասնավորապես աղջիկների շրջանում, ու հատկանշական է, որ նրանք միայն աղի բլիթի մասին չէին հարցնում, այլև հետաքրքրվում էին տոնի խորհրդի ու նշանակության մասին»,-նշեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Ըստ նրա, այս տոնի մասին շատ ավանդույթներ կան, դրանցից մեկը կապված է աղի բլիթի ու փոխինդի հետ: Տոնին նախորդող գիշերը, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց կյանքի կողակցին, աղի բլիթ են ուտում: Քահանայի մեկնության համաձայն, գիշերը, Սուրբ Սարգսի հովանավորությամբ, երազում այդ անծանոթը պետք է ջուր առաջարկի: Եթե աղի բլիթ ճաշակողը խմում է այդ ջուրը, ուրեմն, անպայման գտնում է իր «երկրորդ կեսին»: Մեկ այլ ավանդության համաձայն, տան երիտասարդները երդիկին կամ պատուհանին դնում են փոխինդով լի ափսեն ու եթե Սուրբը գիշերը այցելում է ու իր ձիու նալի հետքը թողնում է ափսեի մեջ, նշանակում է այդ տարի տվյալ տանը հարսանիք է լինելու:
Ազգագրագետ Սամվել Մկրտչյանի խոսքով, այս ավանդությունները ժամանակի ընթացքում փոխանցվում են տան մեծ կնոջ` մեծ մամիկի կողմից: «Մեր հասարակությունում մշակույթն ու ավանդությունը պահողն ու փոխանցողը կանայք են, դրա համար էլ աղի բլիթն ու փոխինդը նրանք են պատրաստում»,-ասաց նա: Ազգագրագետի հավաստմամբ տոնի հետ կապված բազմաթիվ ծեսեր ու ավանդույթներ կան, սակայն մեծ մասսայականություն են վայելում վերը նշվածները: «Սուրբ Սարգսի տոնը մեր հասարակությունը այսպես միահամուռ կերպով նշում է վերջին մի քանի տարիների ընթացքում: 50-70-ներին այս տոնը գրեթե չէր նշվում: Դա, իհարկե, կապված էր ԽՍՀՄ-ի հետ»,-նշեց նա: Ազգագրագետի հավաստմամբ, այն սկսեց մասսայականություն վայելել 1999 թվականից հետո:
Հանդիպման հյուրերի խոսքով, այս տոնը նշվում է նաև այլ ազգերի մոտ, օրինակ` քրդերի մոտ այն անվանվում է «Խդր Նաբի», ասորիները կոչում են «Մար Սարգիս» (մարը նույնպես սուրբ է նշանակում): Իսկ ռուսներն այս տոնը կոչում են «Մարսեգուլիոս»: Հատկանշական է, որ հանրապետության տարբեր շրջաններում տոնը յուրովի է նշվում:
Նշենք, որ Սուրբ Սարգսին անվանում են նաև «Արագահաս Սուրբ», քանի որ, ըստ քահանայի, այն միշտ օգնել է կարիքավորներին, սեր ու երջանկություն փնտրողներին: Ըստ ավանդության, Սուրբն ապրել է 4-րդ դարում և զինվորական է եղել: Կոնստանդինոս Մեծ կայսեր կողմից նշանակվել է Կապադովկիայի հունական զորքերի հրամանատար: Դրանից հետո տեղափոխվել է Հայաստան: Մահացել է քրիստոնյաների դեմ մղվող պատերազմում, երբ իր Մարտիրոս անունով զավակի ու 40 զինվորների հետ պայքարել է հանուն քրիստոնեության:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին