ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ԲԱՑՎԵՑ
Երևանում տեղի ունեցավ վերանորոգված և արդիականացված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողոկիս Գարեգին Երկրորդը, Երևանի քաղաքապետը, Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև Կարեն Դեմիրճյանի այրին և որդին` Ռիմա և Ստեփան Դեմիրճյանները:
Միջոցառման ժամանակ իր ելույթում համալիրի և «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը հայտնեց, որ 3 տարի տևած վերակառուցման աշխատանքների ընթացքում ընկերությունը ներդրել է մոտ 42 մլն դոլար: «Արդյունքում ունենք սպորտային և մշակութային գործունեության առաջատար կենտրոն»,- ասաց Մ. Մուրադյանը:
Նրա խոսքերով, վերակառուցման արդյունքում կառուցվել են նոր ժամանակակից կաթսայատուն, ներդրվել են հակահրդեհային, ջեռուցման, անվտանգության, կապի համակարգեր, և ամենակարևորը` վերակառուցվել է սահադաշտը, որը հնարավորություն ունի գործել ամբողջ տարին: Համալիրն ապահովվել է նաև բարձրակարգ ձայնային ու լուսային համակարգերով:
Մարզահամերգային համալիրի հիմնական սրահներն ու դահլիճներն պահպանվել են: Մեծ ճեմասրահում, որը նախատեսված է ընդունելությունների, ցուցահանդեսների և տարբեր միջոցառումների համար, նախատեսվում է գործարկել արագ սննդի կենտրոններ և ռեստորաններ: Համալիրի մեծ դահլիճը, որը վերանորոգումից հետո կարող է ընդունել մինչև 8000 հանդիսատես, նախատեսված է սպորտային ամենաբազմազան մրցումների համար: Փոքր դահլիճը` 2200 մարդ տարողությամբ, նախատեսված է համերգների և կորպորատիվ երեկոների համար: Դրանից բացի, համալիրում գործելու է «Հայաստան» կոնֆերանսների դահլիճը, որտեղ Մ. Մուրադյանի խոսքերով, կարող են անցկացվել նույնիսկ երկրների ղեկավարների մասնակցությամբ ամենաբարձր կարգի գագաթաժողովներ:
Լրագրողների հետ զրույցում Մ. Մուրադյանը վստահեցրեց, որ համալիրի բոլոր դահլիճները, սրահներն ու մյուս ենթակառուցվածքները հագեցվել են ամենաժամանակակից սարքավորումներով:
Հիշեցնենք, որ ՄՀՀ-ն կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի որոշմամբ վաճառվել էր «ԲԱՄՕ» ընկերությանը: Օտարման պայմանագրի համաձայն` ընկերությունը պարտավորվել է պահպանել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր անվանումը, համալիրի օգտագործման ուղղվածությունն ու աշխատակազմը: Պայմանագրի կնքման պահին ՄՀՀ աշխատողների թիվը եղել է 99-ը, մինչդեռ Մ. Մուրադյանն այսօր հայտնեց, որ ընկերությունը 415 աշխատատեղ է ապահովելու:
ՄՀՀ-ն կառուցվել է 25 տարի առաջ: Տեղեկացնենք, որ համալիրի բացումը տեղի է ունեցել 1983թ. ճիշտ այս օրը` հոկտեմբերի 31-ին: Համալիրի նախագծման և ճարտարապետական ինքնատիպ լուծումների համար հեղինակային խումբը 1987թ. արժանացել է ԽՍՀՄ բարձրագույն` պետական պարգևի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին