Սիրահարների պուրակում տեղի կունենա Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը
Մայիսի 28-ին Սիրահարների պուրակում տեղի կունենա Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթն ունի ռազմական բնույթ: Այս մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն ականապատված դաշտում հողի տակ պահված ականները և սերվերին ուղարկեն վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Ականները կունենան ձայնային ազդանշան, որով պարզ կդառնա ռոբոտը պայթել է, թե ոչ: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ և չափեր (չափերը 30×30սմ, քաշը 10 կգ):
Հաղթող կճանաչվի այն թիմը, որն իր առջև դրված խնդիրը կլուծի նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:
«Ական փնտրող ռոբոտ»-ին մասնակցելու են 15 թիմ, մրցույթն առանց տարիքային սահմանափակման է: Վերջին 4 ամսվա ընթացքում անց են կացվել նախնական մրցույթներ, որոնց ընթացքում թիմերը ժյուրիին ներկայացրել են իրենց նախագծած և պատրաստած ռոբոտները և ստացել գնահատականներ, ինչն էլ իրենց պետք կգա եզրափակիչ փուլի ընթացքում: Առաջին տեղի մրցանակը կազմում է 300.000 դրամ, երկրորդը` 200.000, իսկ երրորդը` 100.000 դրամ:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) 2008թ.-ից է սկսել կազմակերպել Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնությունը /ArmRobotics/, որի նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան:
Այս մասին հայտնում են կազմակերպիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին