Հայաստանի պատվիրակությանը չեն թողել Բաքու
«Աէրոֆլոտ» ավիաընկերության ադրբեջանական ներկայացուցչության անիրավաչափ գործողությունների հետևանքով հայկական պատվիրակությունը չի կարողացել Մոսկվայից թռչել Բաքու` մասնակցելու հուլիսի 1-2-ը Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր վեհաժողովի աշխատանքներին:
«Արարատ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գնել Նալբանդյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Մարատ Օրդյանը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում բախվել են հիշյալ ընկերության ադրբեջանական ներկայացուցչության անիրավաչափ գործողություններին:
Հայկական պատվիրակության անդամներն արդեն պատրաստվում էին մտնել ինքնաթիռ, երբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները մոտեցել են ուղևորներին ու հարցրել, թե նրանց մեջ հայեր կա՞ն արդյոք: Պարզելով, որ կան, վերցրել են ձեռքներից կտրոնները ու խնդրել են դուրս գալ: Այն բանից հետո, երբ բոլոր ուղևորները, որոնց թվում եղել են վեհաժողովի բազմաթիվ մասնակիցներ, մտել են ինքնաթիռ, հայ ներկայացուցիչների կտրոնները պատռվել են, իսկ նրանց ասել են, որ ինքնաթիռում այլևս տեղ չկա, ինչը անհեթեթություն է, քանի որ նրանց տոմսերը եղել են բիզնես-կլասսի: Բացի այդ, կտրոններում նշված է եղել հստակ ուղևորի տեղը, իսկ մի տեղի համար երկու ուղևոր գրանցել ուղղակի անհնար է:
Ինչպես պարզվել է հետո, անհասկանալի պայմաններում այդ չվերթում ընդգրկվել են երկու ադրբեջանցիներ, որոնք ուշացած են եղել Իրկուստկ-Բաքու չարտերային թռիչքից: «Աէրոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցիչները սկզբում սկսել են արդարացնել իրենց գործողությունները, թե հայ ուղևորների տոմսերը չեղյալ են համարվել Երևանից, սակայն ստուգումից հետո պարզվել է, որ նման բան չի եղել, իսկ բոլոր ուղևորների տվյալներն արդեն գտնվում են Բաքվում, չնայած նրանք դեռ Մոսկվայում են: Հետո հետևել է արդարացում, թե Երևանից թռիչքը ուշացել է և երկար պտտվել Մոսկվայի վրայով:
Ավիաընկերության երևանյան ներկայացուցչությունում այդ տեղեկությունը հերքել են` հաստատելով, որ հայ պատվիրակները տրանզիտ գոտում եղել են ժամանակին, գրանցվել են, ստացել են համապատասախան կտրոնները Բաքու թռիչքի համար: Ավիաընկերության ներկայացուցիչների խոսքով, հայ ուղևորներին թռիչքից զրկելու իրավունք ոչ ոք չունի, իսկ հետևելով ընդունված կանոններին, անհրաժեշտ է կապվել բարձրաստիճան մարդկանց հետ, որոնք պետք է որոշում ընդունեին:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հատուկ ծրագրերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վեհաժողովի հայ պատվիրակների հետ կապված խնդիր առաջացել է հենց սկզբից:
«Ես երեք անգամ զանգահարեցի Park Hyatt հյուրանոց, որպեսզի Բաքվում հայկական պատվիրակության համար նախապես համարներ պատվիրեմ, բայց երբ լարի վերջում լսեցին, որ Երևանից են զանգում, անմիջապես դրեցին հեռախոսափողը: Պատվիրման հաստատման դրական պատասխան ես ստացա միայն այն բանից հետո, երբ նամակ գրեցի «Եվրոտեսիլ» մրցույթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ադիլ Քերիմլին, փորձելով ապահովել գլխավոր վեհաժողովում հայկական պատվիրակության անվտանգությունն ու ներկայացվածությունը: Մեզ համար բոլոր անհրաժեշտ պայմաններ ապահովելու վստահեցումներով նրա պատասխան նամակն ուղարկվել է միության ղեկավարությանը: Հիմա Ադիլ Քերիմլը ուղղակի չի պատասխանում մեր զանգերին»,-պատմեց Մնացականյանը:
Դ. Մնացականյանի խոսքով, հայկական կողմը մշտական կապի մեջ է «Աէրոֆլոտ»-ի ներկայացուցչության հետ ու փորձում է պարզել սկանդալային դեպքի պատճառները: Առայժմ հնչած արդարացումները չեն դիմանա որևէ քննադատության: Հայկական կողմը նամակ է հղել Եվրոպական հեռարձակողների միությանը, հայտնելով իր մտահոգությունը հայկական պատվիրակության նկատմամբ կազմակերպիչների կողմնակալ վերաբերմունքի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան