Անդրանիկ Նիկողոսյանը բարձր պարգև է ստացել Ամենայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի կողմից
«Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ ազնվահավատ իշխան Դանիիլ Մոսկվացու III աստիճանի շքանշանով: Ինչպես նշված է Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրում, շքանշանն Ա. Նիկողոսյանին շնորհվել է «Գյումրիում Պատվո Բլուր ռուսական զինվորական գերեզմանատան վերականգնման ընթացքում ցուցաբերած անձնուրաց աշխատանքի համար»:
Այս մասին հայտնում են հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոնից:
Նշենք, որ, համաձայն Ռուս ուղղափառ եկեղեցու պարգևների մասին կանոնակարգի, Սուրբ ազնվահավատ իշխան Դանիիլ Մոսկվացու շքանշանով են պարգեւատրվում հոգեւոր կյանքի վերածննդի գործում ավանդ ունեցող անձինք:
Հիշեցնենք, որ Պատվո Բլուրը զինվորական գերեզմանատուն է Գյումրիում, որտեղ հողին են հանձնված 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներում Կարս քաղաքի գրավման ընթացքում զոհված ռուս սպաների աճյունները: Խորհրդային տարիներին Պատվո Բլուրը հավասարեցվել է հողին, և միայն 2009-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ որոշում է ընդունվել այն վերականգնելու մասին: Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նշանակվել է վերականգնման հարցերով հանձնաժողովի նախագահ: Վերականգնման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը:
Պատվո Բլրի բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին` Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան