Քարամյան. «Սարդարապատ»-ի հայտարարությունում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը
«Անկեղծ զարմանքով ծանոթացա «Սարդարապատ» շարժման տարածած հայտարարությանը, որտեղ հիշատակվող փաստերը մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Նրա հավաստմամբ, Ջավաքում ոչ միայն վաղօրոք նախատեսված բոլոր միջոցառումները կայացել են ամբողջ ծավալով ու պատշաճ մակարդակով, այլև Վրաստանի մայրաքաղաքում օգտակար հանդիպումներ է նա ունեցել վրացի իր գործընկերների հետ: «Հանդիպումների այս շարքին անդրադարձ են կատարել նաև հայկական հեռուստաընկերությունները»,-ավելացրեց Քարամյանը: Նա նաև ասաց, որ հայկական կողմի հրավերով նոյեմբեր ամսին սպասվում է Վրաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Վլադիմիր Վարդձելաշվիլիի այցը Երևան:
Հիշեցնենք, որ «Սարդարապատ» շարժումը նախօրեին հայտարարություն էր տարածել, ըստ որի. ««Ոսկե Աշուն» ամսօրյակի շրջանակներում Ջավախքի Ախալքալաք շրջանում և քաղաքում կազմակերպվել էին մշակութային միջոցառումներ, որտեղ իրենց մասնակցությունը պետք է ունենային նաև Երևանից հրավիրված ուսանողական–մշակութային խմբեր։
Նախատեսված էր, որ հոկտեմբերի 24–ին Ախալքալաք քաղաքում կայանալիք գլխավոր միջոցառմանը որպես հրավիրյալ պետք է ներկա գտնվեր նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը։ Վերջինիս այցելության կապակցությամբ Վրաստանի պատկան մարմինները դիվանագիտական պատշաճ իրազեկում էին ստացել։ Նշված օրը Բավրայի սահմանային անցակետում վրացական կողմի աշխատակիցները Արսեն Քարամյանին թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել Վրաստանի տարածքով և երկար ժամանակ տեղում սպասեցնում են։
Որոշ ժամանակ անց Թբիլիսիից ժամանած հատուկ ավտոշարասյունը իր մեջ ներառելով փոխնախարարի ավտոմեքենան շարժվում է Թբիլիսի, արգելելով փոխնախարարի մուտքը Ախալքալաք։
Մեկ–երկու օր փաստացի գտնվելով պատանդի կարգավիճակում, օգտվելով վրացական «հայտնի հյուրասիրության» վայելքներից, Արսեն Քարամյանը Բագրատաշենի սահմանային անցակետով վերադառնում է ՀՀ»:
«Իսկ հայտարարության դրդապատճառների մասով թերևս ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց»,-ասաց Քարամյանը:
Նախորդող հրապարակումը` http://www.panorama.am/am/politics/2010/11/11/sardarapat/
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան