«Մոնթեն Հայաստանին այսօր անհրաժեշտ է այնքան, որքան արցախյան պատերազմում»
Այսօր Հայաստանի Ազգային հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Մարտական ընկեր, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը և Մոնթե Մելքոնյանի ընկեր, «Մոնթե Մելքոնյան» ՀԿ-ի ղեկավար Ալեք Ենիգոմշյանը Մոնթեի մասին հիշողություններով կիսվեցին լրագրողների հետ:
Ալեք Ենիգոմշյանի խոսքով, Մոնթե Մելքոնյանն այսօր Հայաստանի համար անհրաժեշտ է այնքան, որքան անհրաժեշտ է եղել արցախյան պատերազմում:
«Քանի որ Հայաստանում այնպիսի մի վիճակ է, որ ժողովրդի մի հատվածի մոտ առկա է հուսալքությունն և վաղվա նկատմամբ հավատի կորուստը: Մոնթեի մոտ արցախյան պատերազմի ամենադժվար պահերին ոչ մի օր հուսալքություն չի եղել: Ես վստահ եմ, որ Մոնթեն հայ ժողովրդին կօգներ դուրս գալ այս հուսալքված վիճակից և հավատ կներշնչեր ապագայի նկատմամբ »,-ասաց նա:
Նրա խոսքով, Մոնթեն եղել է շատ համեստ մարդ և նյութական ունեցվածքի նկատմամբ եղել է լրիվ անտարբեր:
«Իր համար նույնիսկ ծիծաղելի էր նյութական ունեցվածքը կյանքի նպատակ դարձնելը»,- ասաց նա: Բանախոսի խոսքով, Մոնթեն հայի այն կերպարն է, որից օրինակ պետք վերցնել: «Հայ ժողովուրդը նրանից շատ դասեր ունի քաղելու»,- հավելեց նրա ընկերը:
Ա. Ենիգոմշյանը նշեց, որ Մոնթեն այնքան սիրված է մեր ժողովրդի կողմից, որ նրա կերպարը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ որպես լուսավոր պատկեր:
Հմայակ Հարոյանի խոսքով, այսօր մեր ազգը Մ. Մելքոնյանի նման մարդկանց կարիք ունի, որոնք կարող են համախմբել մեր հայրենասերներին:
Բանախոսները հայտնեցին, որ այսօր Մոնթե Մելքոնյանի ընկերներն այցլել են Եռաբլուր` հարգանիք տուրք մատուցելու նրա շիրիմին: Նրա ծննդյան առթիվ Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում հայտարարվել է Մոնթեի տասնօրյակ, որի շրջանակում դպրոցի աշակերտներն այցելում և այցելելու են Եռաբլուր` հարգելու հերոսի հիշատակը: Միջոցառում է կազմակերպվել նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում:
Հմայակ Հարոյանը նշեց, որ վերոնշյալ բոլոր միջոցառումները կազմակերպել են Մոնթեի ընկերները, սակայն լավ կլիներ, որ նրա ծննդյան տոնը նշելու համար պետական մակարդակով միջոցառումներ կազամկերպվեին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում