Տնօրենը հաստատում է. Դելֆինարիումի բոլոր դելֆինները ողջ ու առողջ են
Հրաչիկ, Մաշա, Վաչիկ, Դաշա… սրանք պատահական անուններ չեն: Սեպտեմբերից Երևանում բացված «Նեմո» դելֆինարիայի այս անուններով դելֆիններն առողջ են ու պատրաստ են ուրախացնել մեծերին ու փոքրերին:
Տարածված լուրերը, թե դելֆիններից մեկը վատառողջության պատճառով սատկել է, Դելֆինարիայի տնօրեն Լիլիթ Սահակյանը, Panorama.am-ի հետ զրույցում, հերքեց:
Ըստ նրա, դելֆինարիայում 4 դելֆին կա, 4-ն էլ մասնակցում են բոլոր ցուցադրություններին: «Նման բան չի եղել, դելֆինների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնացել: Փաստաթուղթ ունենք, որ 4 դելֆին ենք ներմուծել, 4-ն էլ առողջ են ու ողջ:
Մասնակցում են բոլոր ներկայացումներին: Կարող եք այս փաստը ճշտել նույնիսկ ներկայացումներին հաճախող քաղաքացիներից»,-պարզաբանեց «Նեմո» դելֆինարիայի տնօրենը:
Նա նշեց, որ հիվանդ լինելու դեպքում կենդանին ֆիզիկապես հնարավորություն չի ունենա մասնակցել ներկայացումներին: Եթե նման բան լինի ու դելֆիններից որևէ մեկը հիվանդանա, ապա, ըստ տնօրենի, դելֆինարիան կարող է նրա բուժումն ապահովել, քանի որ ունի մասնագետներ ու անհրաժեշտ դեղորայք:
Սակայն նշենք, որ դելֆինարիա այցելածներից մեկը Panorama.am-ին պատմել էր, որ հունվարի վերջին ներկայացումներից մեկին միայն 3 դելֆին է մասնակցել: Քաղաքացին հետաքրքրվել էր ու պարզել, որ դելֆիններից մեկը հիվանդ է եղել:
Հիշեցնենք, որ դելֆինարիան բացվել է սեպտեմբերին ու մինչ օրս, տնօրինության փոխանցմամբ, կենդանիները չեն հիվանդացել: