Ինչպե՞ս պաշտոնապես արտագաղթել Հայաստանից ու միաժամանակ ստանալ այլ երկրի քաղաքացիություն
Երևանի Ջրաշատ 82 հասցեում է տեղակայված Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչությունը, որի դռները բաց են Հայաստանից Ռուսաստան արտագաղթել ցանկացողների, սակայն փակ` լրագրողների համար: Ավելին` մեզ հենց այդպես էլ պատասխանեցին, որ իրենք համագործակցում են միայն ծանոթ լրագրողների հետ, որոնց «կռուգից» դուրս գալու կարիք չեն տեսնում ու նույնիսկ այն ժամանակ, երբ արձագանքեցինք, թե ծանոթ չենք` կծոնաթանանք. «Ես ցանկություն չունեմ ծանոթանալու իմ ծանոթ լրագրողներից դուրս այլ լրագրողների հետ»,- Panorama.am-ին ասաց ներկայացուցչության տնօրեն ներկայացած Սվետլանան:
Թե ինչո՞վ է զբաղվում այս ներկայացուցչությունը` մինչև վերջին ժամանակներս քչերը գիտեին, ավելի ճիշտ գիտեին, բայց չէին բարձրաձայնում: Մինչև որ ԱԺ պատգամավորները ու, հատկապես, Դաշնակցականները, չսկսեցին թմբկահարել, որ Ռուսաստանը օրը ցերեկով, իշխանությունների, ասել է թե, հենց քթի տակ, նպաստում է Հայաստանի հայաթափմանը` ՌԴ-ում շատերի համար բաղձալի քաղաքացիություն ստանալու դիմաց: Իսկ առաջարկվող պայմաններն իսկապես գայթակղիչ են, հատկապես եթե դու այսպես կոչված «աղետի գոտու» բնակիչ ես, գործազուրկ և այլն: Թե ինչո՞ւ հիշատակեցինք նախևառաջ կոնկրետ այս սոցիալական խմբերը, զուտ այն պատճառով, որ բացի Երևանից ներկայացուցչություններ գործում են նաև Գյումրիում ու Վանաձորում:
Ինչ մնում է պայմաններին, ապա դրանք հետևյալն են` ՌԴ պետական բյուջեից ուղվող գումարներով Ռուսաստանի քիչ բնակեցված քաղաքներ ու շրջաններ տեղափոխվողներին ոչ միայն ապահովում են ճանապարհածախսով (անգամ կոնտեյներ է անվճար տրամադրվում` անձնական իրերը տեղափոխելու համար) ու տեղում աշխատանքով-ապրուստով, այլև գրեթե ամիսներ անց ՌԴ քաղաքացիություն շնորհելով: Վերջինը, ի դեպ, թերևս ամենագլխավոր նախապայմանն է` ցանկանալ դառնալ ՌԴ քաղաքացի, ընդ որում` ընտանիքի բոլոր անդամների հետ միասին:
Ծրագիրը պետական է ու հենց այդպես էլ կոչվում է` «Պետական աջակցություն ՌԴ հայրենակիցների կամավոր տեղափոխվել ցանկացողներին»: Որպես վերապահում նշենք, որ հայրենակից ասվածի տակ հասկացվում է ոչ թե ազգությամբ ռուս, այլ ռուսերենին տիրապետող ցանկացած անձ` բնականաբար ցանկացած ազգության:
Բացի Հայաստանից, ծրագիրն իրականացվում է ԱՊՀ ողջ տարածքում` Թուրքմենստանում, անգամ Վրաստանում, Ուզբեկստանում և այլն, ինչպես նաև մերձավոր արտերկրում ևս` Լիտվայում, Լատվիայում: Ու թեև տիկին Սվետլանան հրաժարվեց մեզ հետ զրուցել ու ներկայացնել վիճակագրական տեղեկություններ, թե ծրագրի գործունեության այս տարիների ընթացքում որքա՞ն հայ ընտանիք է մեկնել ու բարեհաջող դարձել ՌԴ քաղաքացի (քանզի քաղաքացիությունից կամավոր զրկվելը ևս պարտադիր պայման է), այդուհանդերձ ներկայացուցչության դռների մոտ հավաքվածների քանակը ինքնին խոսուն փաստ է` թեկուզև հերթերի գոյացությունից խուսափելու համար ներկայացուցչությունը պոտենցիալ արտագաղթողներին ընդունում է բացառապես նախապես հերթագրվելու նախապայմանով:
Կրկնենք` պաշտոնական տվյալներ մեզ այդպես էլ ներկայացուցչությունից չհանձնեցին, սակայն հուսանք, որ ՀՀ համապատասխան մարմիններում ավելի բաց կլինեն հարցմանն ի պատասխան: Թեպետ, խորհրդարանական մեր աղբյուրների պնդմամբ, Հայաստանն այս ծրագրով արդեն իսկ լքել է 600 ընտանիք կամ` Հայաստանը զրկվել է շուրջ 2700 քաղաքացուց:
«…Այս ծրագրի հիմնական թիրախն այն է, որ հնարավոր լինի արտերկրից Ռուսաստան մարդկանց հոսք ապահովել, ընդ որում շեշտը դնել որակյալ միգրանտների` կրթված և օրինապաշտ անձանց վրա: Բացի այս, Ռուսաստան տեղափոխվողները պետք է հարգեն ռուսական մշակույթը և ազգային ավանդույթները»,- ծրագրի գործարկման ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այլ կերպ ասած, բացի նրանից, որ Հայաստանը զրկվում է իր քաղաքացիներից, մենք կորցնում ենք նաև , եթե կարելի է այդպես ասել, որակյալ քաղաքացիների` կրթված, աշխատունակ, վերջին հաշվով նաև մեր երկրի ապագան… (շարունակելի)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին