Վաղը կօծվեն Սբ. Հովհաննես եկեղեցու բակում տեղադրված Ջուղայի ոչնչացված խաչքարերից 2 նմուշի կրկնօրինակները
Վաղը` ապրիլի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը: Այդ օրը Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կմատուցվի ուխտի տոնական Ս. Պատարագ:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի հաղորդմամբ, հավարտ Ս. Պատարագի Սրբազան հոր ձեռամբ կօծվեն եկեղեցու բակում տեղադրված Ջուղայի ոչնչացված խաչքարերից 2 նմուշի և Հովհանավանքի քարե խաչի կրկնօրինակները:
Արարատյան թեմի մամուլի խոսնակ Էլզա Մանուկյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ պատարագը մեկնարկելու է ժամը 11-ին: Նրա խոսքով, Ջուղայում ոչնչացված մեծարժեք հուշարձանների կրկնօրինակները, որոնք դրանց նախնական տեսքով են, թույլ կտան մարդկանց միշտ հիշել դրանց մասին: «Թույլ կտան, որ դրանք միշտ լինեն, կյանք ունենան»,-ասաց նա:
Նշենք, որ կրկնօրինակված խաչքարերն ու քարի խաչը քանդակվել և կանգնեցվել են Հովհաննես Հովսեփյանի ազնիվ նվիրատվությամբ: Հ. Հովսեփյանը, ինչպես հայտնեցին թեմից, 7 տարի շարունակ Սուրբ Հովհաննես եկեղեցու հետ կապված տարբեր բարեգործական նախաձեռնություններով է հանդես գալիս` հանուն եկեղեցու պայծառացման:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան