Տեր Արշակ. Տեր Աբելի դիրքերը չզիջելու մեջ նյութական շահագրգռվածության գործոնը կա
Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմի շուրջ ծագած քննարկումներն ու մամուլի հրապարակումները Մայր Աթոռի ուշադրության կենտրոնում են: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում ասաց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, թեմը ստեղծվել է 1992 թ.` Վազգեն Ա կաթողիկոսի կողմից. «Թեմի հիմնադրումն իրապես Ամենայն հայոց կաթողիկոսի իրավասությունների մեջ է, սակայն սա պատմական իրականություն է և պետք չէ շահարկել, թե որ կաթողիկոսի օրոք է այն ստեղծվել»:
Ըստ նրա, ցանկացած երկրում հայկական համայնքը, որն ընդունում է հայ եկեղեցու ծեսը, պատգամը, մկրտված է հայ եկեղեցում, դիմում է եկեղեցական պատկան իշխանությանը` Մայր Աթոռին, խնդրում համապատասխան տնօրինություն` ծուխ հիմնադրելու համար:
«1985 թ. Շվեյցարիայում ծուխ է ստեղծվել, որի բոլոր անդամները համախմբած են եղել Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու շուրջ: 1991թ.-ին ծուխ է ստեղծվել նաև Ցյուրիխում և մի քանի այլ շրջաններում, նրանք համատեղ դիմել են կաթողիկոսին` ծխերի հիման վրա թեմ ձևավորելու համար: Խնդրանքի հիման վրա հայրապետական կոնդակով 1992 թ. հռչակվել է թեմ, այնուհետև, սակայն, Շվեյցարիայում գործող որոշ անձիք, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, հրաժարվել են թեմի գաղափարից, սկսել են առաջնորդվել 1985-ի ծխական կանոնադրությամբ»:
Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքերով, օրերս կարգալույծ արված Տեր Աբել քահանան 1994 թ. (մինչ այդ Կանադայում էր պաշտոնավարում) առանց առաջնորդի գիտության ժամանել է Շվեյցարիայի թեմ` հովվություն կատարելու: Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորել է է զերծ մնալ կամայականություններից, արգելում քահանայագործությունը, մինչդեռ անարձագանք է թողնվում նրա հորդորը, Մայր Աթոռի դիվանապետ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը մեկնում է Տեր Աբելի հետ զրուցելու, վերջինս հանդիպման չի ներկայանում:
Հարցին, թե Տեր Աբել քահանան, ով մշտապես անհնազանդություն է դրսևորել հոգևոր իշխանության նկատմամբ, ինչու է միայն հիմա կարգալույծ արվում, Տեր Արշակը պատասխանեց, որ 1994թ.-ին Կաթողիկոսը հիվանդ էր, 1995 թ.-ից կաթողիկոսական գահին անցավ Գարեգին Ա կաթողիկոսը, ում առաջին երեք տարիները լավատեսության տարիներ էին, ապա վերջինիս հիվանդության պատճառով գործին ընթացք չտրվեց, 1999-ից պարբերաբար հանդիպումներ են եղել` այն լավատեսությամբ, որ Տեր Աբելը կհնազանդվի հոգևոր իշխանությանը:
Կանոնական ասպեկտով`Տեր Աբելն այլևս քահանա չէ, իրավական առումով` նա դեռ շարունակում է գործունություն իրականացնել: Արշակ սրբազանի համոզմամբ` Տեր Աբելի դիրքերը չզիջելու մեջ նյութական շահագրգռվածության գործոնը կա. նա չի ուզում հրաժարվել 8 հազար ֆրանկ աշխատավարձից: Սուրբ Էջմիածնի դիվանապետը նաև հերքեց տարածված լուրերը, թե Մայր Աթոռն ակնկալություններ ունի ֆինանսական միջոցներ ստանալու. այդ միջոցները թեմերն իրենք են տնօրինում, իսկ թեմի լուծարման դեպքում միջոցները փոխանցվում են Մայր Աթոռին: «Միգուցե տեղի որոշ անձանց ակնկալությունն էր դրանք փոխանցել որևէ մզկիթի»,- ասաց Տեր Արշակը:
Ըստ նրա, իրականությանը չեն համապատասխանում նաև այն լուրերը, թե շվեյցարահայոց թեմն աջակցում է Տեր Աբելին: Ներկայում թեմում խնդիրները լուծված չեն. Մայր Աթոռի ներկայացուցչին` Մեսրոպ արքեպիսկոպոս Պարսամյանին, թույլ չի տրվում մուտք գործելու տեղի Սուրբ Հակոբ եկեղեցի: Այս խնդիրը, Տեր Արշակի փոխանցմամբ, պիտի լուծվի իրավական ճանապարհով: