Գովազդներն` առանց հովանոցի
«2011թ-ի 2-րդ եռամսյակում կատարված փոփոխությունները, փաստորեն, կանաչ լույս վառեցին օղու գովազդի համար». Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի մեկնաբանությունը վերաբերում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում` մայիսի 26-ին ԱԺ-ի կողմից հաստատված փոփոխություններին, որոնք, ըստ բանախոսի, վերացրեցին «հովանոցային» գովազդի արգելքը:
Բացի այդ, ավելացվեց նաև գովազդին հասանելիք եթերային ժամանակը` 10-ից հասնելով 14 րոպեի: «Եվ սա այն դեպքում, երբ բոլորը բարձրաձայնում էին առանց այդ էլ գովազդի եթերաժամի գերազանցված լինելու մասին»,-նշեց Մելիքյանը:
Նրա խոսքով` փաթեթը տարակուսանք առաջացրեց, առաջին հերթին, այն պատճառով, որ Մարդու իրավունքների պաշտպանի հովանավորությամբ ստեղծված` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի լրամշակման խումբը դեռ չէր ավարտել իր նախագծի պատրաստումը: Խմբում ներգրավված մասնագետները հունիսի 15-ին հայտարարություն տարածեցին և դիմելով ԱԺ նախագահին` խնդրեցին հետաձգել քննարկումը. «Հայտարարության մեջ ասվում էր, որ նախագծում կան խորը քննարկման ենթակա մի շարք կարևոր կետեր, որոնք վերլուծության չեն ենթարկվել և հաշվի չեն առնվել մասնագետների առաջարկությունները, այդ թվում ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի փորձագետների դիտողությունները»:
Փաստորեն, Մելիքյանի խոսքով, օրենսդիրները որոշեցին, որ գովազդատուները պետք է ազատ գործեն և այդպիսով օրինականացվեց այն, ինչ ժամանակին անօրինական էր: Կոմիտեի նախագահն իրեն հոռետես համարելով, կարծում է, որ գովազդի եթերաժամը նորից ավելանալու միտում ունի: «Սպասենք, կտեսնենք»,-ասաց` հավելելով, որ արդյունքի հասնելու համար բոլորը պետք է գործողությունները կոորդինացնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան