Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Հին Երևանը հիշեցնող և Աֆրիկյան ընտանիքին պատկանող շենքերից մեկը, որը գտնվում է Տերյան 11/13 հասցեում այժմ ապամոնտաժվում է, իսկ մյուսը` Պուշկինի 38 հասցեում, դեռևս կանգուն է: Շենքը ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես հանրապետական նշանակության հուշարձան:
Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը պատմական հուշարձանների լուսանկարների մի ամբողջ հավաքածու ունի և այսօր ասուլիսում դրանք ներկայացնելով, նա ասաց. «Շատ հին շենքեր եմ նկարել, որոնք ապամոնտաժվել են: Լուսանկարներ, որոնք պատմում են, թե ինչպես են քանդվել հայտնի մարդկանց շենքերը»:
Կատարվածին «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի գնահատականը մեկն է. «Կարելի է ասել քանդվում է պատմությունը»: Բաղդասարյանի խոսքով` այդ տանը ապամոնտաժման որևէ աշխատանք չի կատարվում, քանի որ մինչ օրս քարերը համարակալված չեն, փոխարենն արդեն քանդված են տանիքը, շենքի պատերը, ինչը պատահական չէ. կառուցողները փորձում են շենքին վթարային տեսք հաղորդել, որպեսզի քանդելն արդարացված լինի: «Հուշարձանների պահպանության մասին օրենքում ասվում է ` պատմամշակութային հուշարձանը կարող է տեղափոխվել միայն այն դեպքում, երբ կա քանդվելու վտանգ: Այսօր իրենք հենց դա են փորձում անել»,- բացատրեց Սեդրակ Բաղդասարյանը:
Բանախոսները հիշեցրին, որ 2004թ-ին քաղաքապետի կողմից մշակված նախագիծը` «Հին Երևան» անվանումով թաղամաս կառուցելու մասին: Ասուլիսն ներկա հյուրերն ասացին, որ նախագիծը տեսել են, անձամբ, որոշումը կա, սակայն մինչ օրս որևէ թաղամաս չի ստեղծվել: «Դրա ստեղծման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում: Ասում են` փող չունենք»,-նշեց Բաղդասարյանը:
Այս պահին, քաղաքապետարանին ուղղված բողոք-նամակների շնորհիվ շինարարական աշխատանքները առկախված են, սակայն, շենքի հետագա ճակատագիրը դեռևս անհայտ է: Սեդրակ Բաղդասարյանի ներկայացրած տվյալներով, 2006-ից մինչ այսօր 29 պատմամշակութային շենք է ապամոնտաժվել, հետևաբար այս դեպքում ևս դրական որոշման հույսեր չկան:
«Ցավալին այն է, որ հաջորդ սերունդն էլ տարիներ հետո կարող է նույն կերպ վարվել , օրինակ Օպերայի շենքի հետ` այն համարելով ոչ պետքական ու ժամկետից դուրս», -եզրակացնում է Բաղդասարյանը:
Աֆրիկյանների շենքի պահպանության նպատակով Facebook սոցիալական ցանցում էջ է ստեղծվել «SOS! Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» անվանումով:
Քաղաքապետարանից շենքի ճակատագրի մասին դեռևս տեղեկություն չկա. Քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանը, ինչպես միշտ, Panorama.am-ի թղթակցին առաջարկեց հարցը գրավոր ձևակերպել և ուղարկել: Նա նույնիսկ չկարողացավ ուղղորդել, որպեսզի հարցն ուղղենք համապատասխան վարչությանը: «Չեմ կարող որևէ մեկին ուղղորդել, որովհետև այս պահին պետք է նախ հասկանանք, թե ինչ պատասխան եք դուք ակնկալում: Դուք հարցը ձևակերպեք, ուղարկեք, ես ուղարկեմ համապատասխան օղակին, թող պատասխանեն», -ասաց նա:
Աֆրիկյանների տան շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին, իսկ 1913 թվականից այն գործել է որպես ակումբ։ Այդ տարիներին այն հանդիսացել է երևանյան բարձրաշխարհիկ կյանքի ու հանրահայտ անձանց հավաքատեղի, որտեղ քննարկվել են ազգային ու համաքաղաքային կարևոր խնդիրներ ու նախաձեռնություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան