Ա.Բախշյանն ահազանգում է վարչապետին, իսկ Կարենը գուցե մի ձմեռ էլ անցկացնի թիթեղյա տնակում
«Նախարարություն. 1991թ-ից թիթեղյա տնակում ապրող 41-ամյա Կարենը բնակարան կստանա» հրապարակմամբ արդեն իսկ անդրադարձել էինք մանկատան նախկին սան, 1991թ-ից թիթեղյա տնակում ապրող, 2-րդ կարգի ցմահ հաշմանդամ Կարեն Միրզոյանի պատմությանը: Նշել էինք, որ քսան տարի այս-այն գերատեսչությունների, կառույցների դռները թակելով Կարենին այդպես էլ բնակարան ստանալու հույս չէին տվել, մինչև որ ամռանը դիմել էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին և վերջինիս նամակին ի պատասխան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հավաստիացրել էին, որ Կ.Միրզոյանին այս սեպտեմբերին մեկ սենյականոց բնակարան կհատկացվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կառուցվող սոցիալական շենքում:
Սեպտեմբերն անցավ, հոկտեմբերն էլ, ահա, հետը, բայց Կարենը դեռ Երևանի Նոր-Նորքում է, իր թիթեղյա տնակում: Տիկին Բախշյանը երկրորդ անգամ էլ դիմեց նախարարություն ճշտելու, թե հիմա ե՞րբ է բնակարանը հատկացվելու…: Մինչ նամակի պատասխան ստանալը Panorama.am-ը ևս պարզաբանում ստացավ այս խնդրի վերաբերյալ` մեզ տեղեկացրեցին, որ ջրամատակարարման խնդիր կա շենքում և հենց այդ խնդիրը լուծվի` Կարենը կարող է բնակարանամուտ տոնել:
Այսօր տեղեկացանք, որ «Ժառանգության» պատգամավորը ևս ստացել է իր հարցման պատասխանը` նույն պարզաբանմամբ.
«Ինձ նույնպես տեղեկացվեց, որ շենքը ջրամատակարարման հետ կապված խնդիր ունի, այդ իսկ պատճառով դեռևս շահագործման չի հանձնվել, բայց միևնույն ժամանակ նշված էլ չէ, թե ե՞րբ է սպասվում շահագործումը»,-Panorama.am-ին ասաց տիկին Բախշյանը:
«Եթե նախարարն ինձ` պատգամավորիս, նամակ է գրում, որ սեպտեմբերին այդ շենքը պետք է պատրաստ լինի, իսկ հետո էլ մեկ այլ նամակով տեղեկացնում, թե` գիտես, ջրամատակարարման համակարգի հետ կապված խնդիրներ կան, այն պատրաստ չի, ուրեմն ես վարչապետ Տիգրան Սարգսյանին ահազանգում եմ` ինչպե՞ս են աշխատում մեր նախարարները: Առավել ևս, որ սա միակ դեպքը չէ»,- շարունակեց նա:
Խնդիրը նրանում է, որ նամակը, ըստ պատգամավորի, հեշտ է գրել ու ուղարկել ու այդպես էլ անում են, բայց հետո տարբեր գերատեսչություններից ստացվում են միմյանց հակասող, իրար հետ բացարձակապես չհամընկնող, իրար բացառող պատասխաններ:
Ի դեպ, Ա.Բախշյանը նշեց, որ այդ խնդիրն այսօր բարձրաձայնելու է նաև ԱԺ հայտարարությունների ժամին:
Ինչ վերաբերում է մեր հրապարակման հերոսին` Կարենին, ապա վերջինս հեռախոսազրույցում նշեց, թե իրեն էլ նախարարությունից նույն պատասխանն են տվել, մինչդեռ իր ծանոթները եղել են Մարալիկում ու ճշտել, որ ջուր շենք մտնում է: Բայց.
«Ինձ ասացին, որ նման բան չկա, ջրամատակարարման խնդիրն առկա է , իսկ երբ հետաքրքրվեցի,թ ե ե՞րբ սպասեմ շահագործման, հասկացրեցին, որ հույսս կտրեմ, թե առաջիկայում բնակարանս կստանամ… Որ պատկերացնում եմ, թե մի ձմեռ էլ պետք է անցկացնեմ այս տնակում` սարսափում եմ»,- ասաց Կարենը:
Մի խոսքով, թե ապագա տանտիրոջը, թե մեզ` լրատվամիջոցին և թե անգամ ԱԺ պատգամավորին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այդպես էլ հստակ պատասխան չկարողացավ տալ, թե ե՞րբ է Մարալիկի այդ շենքը, որի մասին ամիսներ առաջ հեռուստաընկերությունները ցուցադրեցին ոգևորությամբ լի մի տեսանյութ, շահագործման հանձնվելու: Եվ ե՞րբ է վերջապես Կարենը, որ 20 տարի թիթեղյա տնակում է բնակվում ու Կարենի նման հույսով ապրող շատերը բնակարան ստանալու պետությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա