Քաղաքապետարան. Արամի 30-ի կառույցը ընդգրկված չէ Ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում
Արամի 30 հասցեում տեղակայված շենքի քանդման դեմ հասարակական նախաձեռնության անդամների նոյեմբերի 23-ին կազմակերպած ակցիայի մասնակիցներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղում հանդիպել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վերջիններս մասնավորապես նշել են, որ տվյալ տարածքը ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ ճանաչվել է որպես բացառիկ `գերակա հանրային շահ և հայտարարվել է իրացման գոտի:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր կողմերը հանդիպել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում, որին մասնակցել է նաև տվյալ հատվածում կառուցապատման նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը:
Լսելով հասարակական նախաձեռնությունների անդամների կարծիքները, Աշոտ Ալեքսանյանը նշել է, որ խնդրո առարկա շինությունը ընդգրկված չէ Ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում: Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ տարածքի իրացման վերաբերյալ կա կառավարության որոշում:
Հիշեցնենք, որ այսօր մի քանի հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ ու անհատներ, այդ թվում «Մեր քաղաքը», «Պետական կարիքների զոհեր» ՀԿ, «Հույսի կամուրջ» ՀԿ, «Փրկենք հուշարձանները» նախագիծ և այլն, հանդես են եկել քաղաքային իշխանություններին ուղղված բաց նամակով` պահանջելով Արամի 30 հասցեում գտնվող կառույցը պահպանել իր տեղում: «Մենք գտնում ենք, որ քանի դեռ հանրային քննարկման չի դրվել Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցներով պարփակված հատվածի քաղաքաշինական ամբողջական լուծման հարցը, քաղաքի տվյալ հատվածում կատարվող բոլոր ձևափոխությունները պետք է սառեցվեն, և տարածքը չպետք է ենթարկվի որևէ փոփոխության»,-նշել էին նրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին