Գավառի հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դպրոցն` առանց հատուկ պայմանների
Գավառի թիվ 1 հատուկ դպրոցը արտաքուստ դեռ կանգուն է, քանի որ որոշ բարերարներ ժամանակ առ ժամանակ աջակցում են տարատեսակ հարցերի լուծմանը: Օրինակ, հաստատության ջեռուցման համակարգը վերականգնվել է Հայաստանի վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից` ՀՀ կառավարության և ՀԲ ֆինանսավորմամբ, իսկ երկու խմբերի սենյակները բարվոք վիճակում են «ՎիվաՍել»-ի շնորհիվ:
Վերջ` մնացած սենյակներ մտնելուց խոնավության հոտը խփում է քթիդ, պահարաններ և կահույքի այլ ատրիբուտներն երեխաների ննջասենյակներում ուղղակի բացակայում են, սպիտակեղենը կարկատած, իսկ հատակը քարուքանդ է ու միայն ուշադիր զննելուց ես հասկանում, որ ժամանակին այստեղ մանրատախտակ է եղել (և սա այն դեպքում, որ դպրոցում սայլակավոր բնակիչներ են ապրում): Սրա հետ մեկտեղ, սակայն, դպրոցը մեզ դիմավորեց ամանորյա տրամադրությամբ` անմիջապես մուտքի դռան առաջ զարդարված խղճուկ տոնածառն էր կանգնած:
Փոքր ինչ առաջ անցնելով` նշենք, որ Գավառում կա նաև մանկատուն, որն այցելելուց հասկանում ես` որքան անմխիթար է հատուկ դպրոցը, այնքան բարվոք ու հարմարավետ մանկատունը: Մինչդեռ երկուսում էլ, հիշեցնենք, պետության հոգածության տակ գտնվող երեխաներ են ապրում:
Դպրոցն ունի 35 տարվա պատմություն և ունի, ինչպես նշեցինք, կապիտալ վերանորոգման խնդիր: Բայց սա դեռ մի կողմ` դպրոցն ունի լրջագույն մի խնդիր, որի առկայությունը ուղղակի զրոյացնում է նրա գոյությունը` այստեղ բնակվող առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխանի համար ստեղծված չէ և ոչ մի պայման: Այդպես, սայլակավոր փոքրիկ բնակիչները առաջինից երկրորդ հարկ տեղափոխվել կարող են միայն իրենց ընկերների կամ աշխատակազմի բարի կամքի շնորհիվ, քանի որ ոչ վերելակ կա, ոչ էլ թեքահարթակ` նրանց գրկած են բարձրացնում ու իջացնում և մեկն էլ պետք է, որ սայլակը տեղափոխի: Եվ սա այն դեպքում, որ սա Գեղարքունիք մարզի կտրվածքով միակ նմանատիպ դպրոցն է, բայց երեխաներից շատերը հարևան մարզերից են հաճախում… թեև հաճախել բառը սխալ է ընտրված` ավելի շուտ ժամանակավորապես հանձնվում ծնողների կողմից:
Երեխաները 70-ն են, նրանցից 50-ը մշտական բնակվում է դպրոցում, այսինքն տուն չի գնում-գալիս: Panorama.am-ի հետ զրույցում դպրոցի նորանշանակ տնօրեն Լարիսա Զազյանը պատմեց իրենց խնդիրներով լի գոյատևման մասին` այլ կերպ չես անվանի այն, ինչին ականատեսն ես լինում հաստատությունում.
«Խնդիրներն այնքան շատ են, որ նույնիսկ դժվարանում եմ սկսել որևէ մեկից: Վերանորոգում է պետք, սպիտակեղեն ու հագուստ, երեխաների համար սայլակներ չունենք, չկան նաև թեքահարթակներ: Քանի երեխաները փոքր են, նրանց գրկել տեղափոխելը խնդիր չի, բայց մեծերի առումով բարդ է և այլն»,- թվարկեց ծանր ժառանգություն ստացած տնօրենը:
Նա նաև հավաստիացրեց, որ այսօր միայն սահմանափակ կարողություններով երեխաներ ունեն դպրոցում, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ այլևս չեն ընդունում, մինչդեռ ոչ վաղ անցյալում բնակվող երեխաների թիվն ավելի մեծ էր հենց այդ պատճառով:
Վերը նշված խնդիրները դպրոցի տնօրենը և Գեղարքունիքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը ներկայացրեցին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին:
Ի դեպ, մարզպետարանի ներկայացուցիչը, նախքան մեզ մանկատուն ուղեկցելը, մեր հարցին ի պատասխան, թե արդյո՞ք մանկատունն էլ նման անմխիթար վիճակում է արձագանքեց` «ինչ եք խոսում, սրա համեմատ նա ուղղակի 5-աստղանի հյուրանոց է»: Եվ իսկապես` մանկատունը թե շենքային պայմաններով, թե երեխաների համար ստեղծված հարմարավետություններով` այստեղ անգամ հատուկ արվեստանոցներ կային թե աղջիկների և թե տղաների համար, հաճելի զարմացնում է: Բայց խոսքը, ցավոք, մանկատան մասին է:
Այստեղ խնամվում է 64 երեխա և մեր այցելության պահին նրանք դպրոցում էին: Միայն հաստատության ամենափոքրիկ բնակիչները` մինչև 6 տարեկան խմբի 5 բնակիչները մուշ-մուշ քնած էին:
Հաջորդ տարի մանկատանը սպասվում է անձնակազմի կրճատում` սա պայմանավորված է բեռնաթափման քաղաքականությամբ, որի արդյունքում հնարավոր է խումբ կրճատվի: Տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ հաջորդ տարի սպասում է մանկատան բնակիչների թվի ավելացում` կլինեն մոտ 70-ը, թեև կանխատեսելն էլ սխալ է, որովհետև այս տարվա համար, օրինակ, պլանային կանխատեսումը 80 երեխայի համար էր:
Եթե տաս տարի առաջ մանկատանը ապրում էր 165 երեխա, ապա այսօր ակնհյատ երևում է թվի կրճատման միտումը. տնօրեն Նալբանդյանի խոսքերով` ընդունելությունն է քչացել:
Անփոփոխ կմնա երեխաների խնամքին ուղղվող ֆինանսական աջակցությունը` 4500 դրամ օրական, որից 1330-ը սննդի գումարն է:
«Այս թիվը բացարձակ չի ազդել երեխաների ապրուստի վրա` սնունդն ու մնացյալը մնացել են անփոփոխ»,- նշեց տնօրենը ապա հավելեց,- անկախ նրանից, որ օր-օրի վրա գնաճ ունենք»:
Ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն էր, որ հաստատությունը ոչ մի խնդիր չունի: Բացառությամբ մեկի` ի՞նչ անել մանկատան շրջանավարտների հետ: Ի դեպ, 2012թ-ին մանկատունը կունենա 5 շրջանավարտ:
Panorama.amը շատ է ներկայացրել այս խնդիրը, որ շրջանավարտները 18 տարեկանում տեղ չեն ունենում գնալու ու մեծամասամբ հայտնվում փողոցում: Պետությունը, ճիշտ է, նախաձեռնել էր նրանց բնակարաններ տրամադրելու ծրագիր, սակայն վերջին երկու տարիներին բյուջեից դրա շարունակությանը որևէ լումա չի հատկացվել: Չի հատկացվելու նաև 2012թ-ին, մինչդեռ հերթի են 300 շրջանավարտներ: Ելնելով այս ամենից նրանցից շատերը վերադառնում են մանկատուն «մինչ լավ օրերը կգան» սկզբունքով:
Ն.Նալբանդյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին նման խնդիր չի եղել, բայց, այո, եղել է ժամանակ, երբ իր ղեկավարած հաստատության սաները (իսկ նա մանկատան տնօրեն է դեռ խորհրդային միության տարիներից) դուրս գրվելուց հետո էլ ապրել են մանկատանը.
«Կարծում եմ այսօր կանգնած ենք այդ խնդրի առաջացման վտանգի առաջ, քանի որ բնակարաններ տրամադրման ծրագիրը դադարեցվել է… բնական է մենք ոչ մեկին չենք հանի, ով ինչ ուզում է ասի: Եվ կպահենք այնքան, մինչև հարցը կոնկրետ լուծվի` շենքային պայմանները ինձ դա թույլ են տալիս, բացի այդ էլ մանկատանը կից կա հանրակացարանային տարածք, որտեղ մոտ տաս հոգի կարող են ապրել»,-նշեց նա:
Համաձայնեց, որ օրենքը դա, իհարկե, չի նախատեսում, բայց նախարարությունից էլ աչք են փակում` «ի վերջո մեր պահած, մեծացրած երեխաներն են, հո փողոցում չե՞նք թողնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին