Կառավարության շենքի դիմաց ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Շտապօգնություն է ժամանել
Այսօր կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էին անցկացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Նիստի ավարտից հետո նրանց մոտեցավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ծնողներին ասաց, որ ամեն վայրկյան պատրաստ է նրանց ընդունել, լսել, խոսել:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, նախարարին դիմեց Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Օհանջանյանը, ասելով, որ այս տարվա նոյեմբերի 29-ին անցկացրած փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ տղան չի էլեկտրահարվել, ինչը արդեն հինգ տարի է պնդում է ինքը:
Օհանյանն ի պատասխան ասաց, որ պատրաստ է նորից ընդունել մորը, օր կնշանակի, կհանդիպեն:
Նախարարի հեռանալուց հետո կինը հուզված շարունակում էր բարձրաձայնել բողոքը` «Ես տարիներ շարունակ ասում էի, որ իմ երեխան չի էլեկտրահարվել, ի՞նչ է չէիք հասկանում այդքանը»: Հուզմունքից Օհանջանյանի մոր ինքնազգացողությունը վատացավ, զանգից 20 րոպե հետո դեպքի վայր հասած շտապօգնության աշխատակիցները այս պահին հենց կառավարության շենքի դիմաց նրան օգնություն են ցույց տալիս:
Հիշեցնենք, որ 2007-ին Վարդենսի զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանը, ըստ պաշտոնական վարկածի, էլեկտրահարվել է: Հարազատները պնդում են, որ պատահական էլեկտրահարում չի եղել, ըստ մոր, որդուն դիտավորյալ սպանել են: