Կարինե Տոնոյան. «Հայոց բանակում մեր երեխան է ծառայում, որին մի օր վատ ենք դաստիարակել»
Երևանի` Թելմանի անվան N 13 դպրոցում «Հայ ասպետ» հիմնադրամն այսօր Հայոց բանակ ճանապարհեց առաջին «հայ ասպետին»` 2010 թվականի ոսկե մեդալակիր, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 18-ամյա Շոթա Ղազարյանին: Ինչպես panorama-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայ ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Կարինե Տոնոյանը, թեև կազմակերպությունը կրթադաստիարակչական է, բայց մեծ ուշադրություն է դարձնում ռազմահայրենասիրական ուղղվածության:
«Մենք կարևորում ենք ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որպեսզի մեր երեխաները պատրաստ լինեն ծառայելու բանակում: Այսօր մենք որոշեցինք հանդես գալ նման արարողությամբ, որպեսզի այն հիշեն բոլորը` և´ բանակ գնացող մեր առաջին «հայ ասպետը», և´ մեր մյուս` թեև փոքրահասակ սաները: Վերջիններս պետք է հիշեն, որ այն, ինչ անցնում են մարտարվեստից, շարայինից, ազգային գաղափարախոսությունից, մի օր պետք է դառնա երդում, որը կտան նախևառաջ իրենց ընկերներին, բարեկամներին և հարազատներին», - ասաց նա` ցանկություն հայտնելով, որ այս գաղափարը հասարակության մեջ արմատավորվի:
«Համոզված եմ, որ արդյունքում մենք բանակում կունենանք ավելի լավ տեսարան», - հավելեց հիմնադրամի տնօրենը:
Կ.Տոնոյանը հայտնեց, որ անձամբ չի ընդունում այն քննադատությունները, որոնք հնչում են բանակի հասցեին:
«Այսօր, ցավոք, քննադատում ենք, ինչին ես կտրականապես դեմ եմ, որովհետև հայոց բանակը` մեր բանակն է, այնտեղ մեր երեխան է ծառայում, որին մենք մի օր վատ ենք դաստիարակել: Եվ շատ անգամ նաև նույն սպան: Մենք մոռանում ենք, որ ամեն ինչ սկսվում է դպրոցից, մանկապարտեզից, և զինվորին պետք է պատրաստենք դեռ մանկուց: Համոզված եմ, որ արդյունքը կլինի շատ ավելի լավ, քան մենք այսօր ունենք», - ասաց Կ.Տոնոյանը:
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական կենտրոնի սաները` բանակ մեկնող իրենց ընկերոջը հրաժեշտ տվեցին նվերներով, բարեմաղթանքներով, երաժշտական համարներով, որից հետո հրավիրված հյուրերի մասնակցությամբ կտոնեն խնջույքով` կմատուցեն մատաղ:
«Աստված թող պահի և պահպանի մեր սանին և նա ողջ ու առողջ վերադառնա», - մաղթեց Կ.Տոնոյանը, հավելելով, որ «հայ ասպետները» պարբերաբար կայցելեն իրենց ընկերոջը և կհետևեն, որքանով է ռազմահայրենասիրական դաստիարակությունն օգնում նրան ծառայության ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան