Բաքվից ռուս փախստական. «Երբ մենք փախչում էինք օդանավակայան, ոտքերիս տակ բարձրահարկից մի աղջկա նետեցին»
1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերի զոհ դարձավ մոտ 400 հայ, իսկ հազարավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ ստացան: Սակայն կոտորածների զոհ են դարձել ոչ միայն հայերը, այլև այլ ազգերի ներկայացուցիչներ: Մասնավորաբար 1998թ. հունիսին «Ռուսսկի դոմ» հրատարակության 6-րդ համարում տպագրվել է Վյաչեսլավ Մորոզովի «Ռուսաստանի սպիտակ գիրքը» հոդվածը` Ադրբեջանում 1990թ. ռուսների սպանությունների, ինչպես նաև նրանց կրած ծաղրուծանակի, բռնությունների մասին:
Հեղինակը մեջբերել է Բաքվի ռուս փախստական Ն.Տարժիմանովայի հիշողությունները. «Այնտեղ աներևակայելի բաներ էին կատարվում: Հունվարի 13-ին սկսվեցին ջարդերը, իմ երեխան, կառչելով ինձանից, ասում էր. «Մայրիկ, մեզ հիմա կսպանեն»:
Իսկ այն բանից հետո, երբ զորքը մտավ քաղաք, դպրոցի տնօրենը, որտեղ ես աշխատում էի, ադրբեջանուհի, մտավորական մի կին, ինձ ասաց. «Ոչինչ, զորքերը կհեռանան, և այստեղ ամեն ծառից մեկական ռուս է կախված լինելու»:
Փախանք` թողնելով բնակարանները, ունեցվածքը, կահույքը… Բայց չէ որ ես ծնվել եմ Ադրբեջանում, և ոչ միայն ես. այնտեղ է ծնվել նաև իմ տատիկը»:
Ապա հեղինակը պատմում է նաև Բաքվից մեկ այլ փախստական կնոջ հետ իր հանդիպման մասին: «Մենք Բաքվում էինք ապրում,-հիշում է կինը,-կոտրեցին դուռը, ամուսնուս գլխին հարվածեցին, ինձ ծեծեցին: Ապա ինձ կապեցին մահճակալին ու սկսեցին դաժանորեն բռնաբարել Օլգային, ով ընդամենը 12 տարեկան էր: Վեց հոգով: Դեռ լավ էր, որ չորսամյա Մարինկային խոհանոցում էին փակել, չտեսավ այդ ամենը: Հետո տանն ամեն ինչ ջարդուփշուր արեցին և կարգադրեցին մինչև երեկո հեռանալ: Երբ մենք փախչում էինք օդանավակայան, ոտքերիս առջև մի աղջնակ ընկավ` շենքի բարձր հարկերից էին նետել: Նրա արյունը ցայտեց իմ շորերի վրա»:
Հետո հասարակական գործիչ Գալինա Լիտվինովան, ում մոտ հեղինակը հանդիպել էր այս կնոջը, Մորոզովին խոստովանել է, որ նման պատմությւոններ շատ է լսել. «Կան ավելի դաժան պատմություններ: Հասկացությունից, մտածողությունից դուրս»: