Լ. Անանյանի գլխավորությամբ պատվիրակություն կգործուղվի Թբիլիսի
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ու Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանին: Քանի որ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վրաստանից հասնող տեղեկատվությունը իրարամերժ է, որոշվել է Լ. Անանյանի գլխավորությամբ պատվիրակություն գործուղել Թբիլիսի` տեղում հարցերը ճշտելու համար:
Այս մասին ասուլիսում ասաց գրողների միության նախագահ Լևոն Անանյանը` շեշտելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը շահագրգիռ է, որ հարցը ստանա դրական ու խոհեմ լուծում:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի հայերի միությունը հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ, որով կոչ է անում վերջնական կորստից փրկել մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը: «Պատմական շինությունը դեռ 90-ական թվականներին հանձնվել է մի գործարարի, որը վաճառքի է հանել այն, իսկ միակ գնորդի դերում հանդես է գալիս «ՋեոԹուրան» թուրք-վրացական համատեղ ընկերությունը, որը պատրաստվում է ձեռք բերել ողջ բնակարանը` թուրք բանվորների հանրակացարան դարձնելու համար: Ընկերության ղեկավարությունը նույնիսկ առաջարկությամբ դիմել է բանաստեղծի ծոռնուհուն՝ Ալինա Թումանյանին, ով ներկայում բնակվում է շենքի երկրորդ հարկաբաժնում՝ այդ տարածքը ևս գնելու նկատառումներով, սակայն մերժում է ստացել»,- նշված էր հայտարարության մեջ:
Ասուլիսին ներկա Հովհաննես Թումանյանի թոռնուհին Իրմա Սաֆրազբեկյանն (Թումանյանի ավագ որդու թոռը) ասաց, որ Դավիթաշվիլի 18 հասցեում գտնող տանը Թումանյանները սկսել են բնակվել 1909 թվականից: Հովհաննես Թումանյանը այդտեղ բնակվել է մինչև իր մահը` 1923 թվականը, իսկ նրա ընտանիքի մյուս անդամները` մինչև 1950 թվականը: 1952 թվականին, երբ Երևանում բացվում է Թումանյանի թանգարանը, այնտեղի իրերը տեղափոխվել են այստեղ: Թբիլիսյան այդ շենքը եղել է քաղաքապետարանի սեփականությունը: Այնտեղ այսօր երրորդ հարկի սենյակներից մեկում բնակվում է բանաստեղծի ծոռնուհի Ալինա Թումանյանը, իսկ չորս մյուս սենյակներն ունի սեփականատեր, ով որոշել է վաճառել իրեն պատկանող մասը:
Թումանյանի թոռնուհին ասաց, որ դեռ տարիներ առաջ հանդիպել է տարբեր պաշտոնյաների հետ` որպեսզի գումար տան` բնակարանը գնելու համար: Սակայն այդպես էլ որևէ մեկը սեփականատիրոջ` Լիժավայի կողմից պահանջված գումարը չի տրամադրել: Նամակ է ուղարկել երկրի ղեկավարին, որը հասել է վարչապետին, սակայն որևէ դրական լուծում չի տրվել հարցին:
«Լավ կլիներ որ ամբողջ շենքը գնեինք, բայց թանկ է, միայն երրորդ հարկը գոնե պետք է գնենք, որտեղ որ բնակվել է Թումանյանը»,- ասաց նա: Ըստ Թումանյանի թոռնուհու, խոսակցություն եղել է վաճառքի մասին, բայց գործարքը չի կատարվել: «Ալյոնան ասել է, որ եթե Լիժավան վաճառի իր տարածքը որպես մշակութային կենտրոն և հանձնվի հայկական համայնքին, ինքն էլ կվաճառի, եթե ոչ` չի վաճառի»,- ասաց Իրմա Սաֆրազբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները