«Կանայք գրագետ են, խելացի ու գեղեցիկ». Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքները լսումների առանցքում
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքներ ու կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները: Օրենքն արդեն իսկ քննարկվել է առաջին ընթերցմամբ ու սպասում է քվեարկության Ազգային Ժողովի պատգամավորների կողմից, սակայն քանի որ հարցերը ու նախագծի շուրջ աղմուկը մեծ էր` խորհրդարանի գլխադասային հանձնաժողովները որոշում կայացրեցին մինչև այդ անցկացնել խորհրդարանական լսումներ, որոնք ԱԺ-ում այսօր հավաքել էին ոչ միայն շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, այլև ՀՀ-ում եվրոպական բազմապիսի կառույցների ներկայացուցիչների`ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևա, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Դեսպան Տրայան Հրիստեա և այլն:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն իր ելույթում շատ կարևորեց օրենքը` նշելով, որ դրա ընդունումն ունի քաղաքական, իրավական, պատմական ու անգամ ազգային անվտանգության տեսանկյունից լուրջ հիմնավորումներ. «Կանանց ու տղամարդկանց հավասարության խնդիրը խորթ չէ մեր պատմությանը` հայ կինը միշտ էլ եղել է տղամարդու կողքին»,- լսումների մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահը:
Բացի այս, Ս.Նիկոյանը օրենքի հիմնավորումը կարևորեց նրանով, որ Հայաստանում կանայք մեծամասնություն են կազմում, իսկ բացի այդ` «նրանք գրագետ են, գեղեցիկ, խելացի են ու մենք իրավունք չունենք դա չօգտագործել». «Օրենքի ընդունումը շատ հարցերի պատասխան կտա, այդ թվում և ` կլուծի գենդերային հավասարության խնդիրը»,- վստահություն հայտնեց նա:
Իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսյանը նշեց, որ 2012թ-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ հնարավորություն ընձեռվեց հատկացումներ ստանալ, որոնց արդյունքում ՄԻՊ գրասենյակն արդեն ունի կանանց հարցերի պաշտպան: Ինչ վերաբերում է օրենքի կարևորությանը, ապա որպես վիճակագրություն նա ներկայացրեց հետևյալ թվերը` ՄԻՊ գրասենյակի 45 աշխատակիցներից 21-ը կին է, 24 –ը տղամարդ , բայց` բարձրագույն ղեկավարների կազմում յոթը կին են և միայն երեքը տղամարդ:
Ըստ նրա, միայն օրենքը դեռ չի կարող այդքան ազդեցիկ լինել դրանում առկա խնդիրները լուծելու համար, քանի որ հասարակության շրջանում հայտնի ու կիրառվող բազմաթիվ ասացվածքներ` «Կնոջ մազը երկար է, խելքը` կարճ» և այլն վկայում են, որ գենդերային հավասարությունը գոյությունը մեզանում դեռ պահպանում է. «Օրենքը չի կարող բոլոր հարցերին միանգամից պատասխան տալ ու առկա խնդիրները լուծել, բայց եթե շտկվեն դրա մեջ ներառված տեխնիկական որոշ հարցեր, ապա հնարավոր է ժամանակի մեջ հաջողության հասնել»,- հայտարարեց Կ.Անդրեասյանը:
Վերադառնալով իր ղեկավարած գրասենյակի գենդերային օրինակին, նա նշեց. «Երբ կարծրատիպերից զերծ ես մնում ու հավասար պայմաններ տալիս կանանց և տղամարդկանց, ապա կանայք շատ դեպքերում հաղթում են մրցակցության մեջ: Ես կցանկանայի, սակայն, որ հաղթողի պարագայում չկարևորվեր սեռը»,- հավելեց նա:
Նշենք, որ օրենքը լուծելու է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գենդերային խտրականությունը, հավասար ընտրական իրավունքների երաշխիքները և այլն: Իսկ օրենքը խախտողների համար հեղինակները (բնականաբար այն ընդունվելուց հետո) նախատեսել են կարգապահական, վարչական, իսկ առանձին դեպքերում նույնիսկ քրեական պատասխանատվություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան