Թիվ 130 մանկապարտեզում ժամկետանց կաթի փոշի են գտել. «Ով ուզում է լինի, պատասխանատվության է ենթարկվելու»
Երեկ հայտնի դարձավ, որ Ներքին Չարբախում գործող թիվ 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում պատճառների մասին տեղեկությունները ժլատ էին` «Այսօր կատարած անակնկալ ստուգայցի արդյունքում մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թ.130 մանկապարտեզում արձանագրվել են սննդի պահպանման և պիտանելիության ժամկետների կոպիտ խախտումներ, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն»:
Իմանալու համար թե ինչ խախտումներ են եղել, դրանից մանկապարտեզի սաները տուժել են, բացի տնօրենից ովքեր են պատժվել, դիմեցինք քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությանը: Վարչության պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերահսկողության վարչությունն իրենց տրամադրել է այն տվյալները, որը տարածել են լրատվամիջոցներին և ինքը ավել բան ասել չիկարող: Ա. Գևորգյանի խոսքով, խախտումների արդյունքում տուժած երեխաներ չկան, հակառակ պարագայում գործը դատախազություն կհասներ:
109 սան, 4 խումբ ունեցող թիվ 130 մանկապարտեզի տնօրենի հետ կապվել չկարողացանք: Panorama.am-ի հետ զրույցում հաստատության տնտեսվարն ասաց, որ Նունե Խաչատրյանը առավոտյան եկել է, վատացել, շտապօգնության ծառայություն են կանչել, տուն տեղափոխել:
«Հիմա շատ վատ է, որովհետև չեղած տեղը էսքան բան բացվեց»,-ասաց տնտեսվար Ժաննա Հակոբյանը: Նա պատմեց, որ քաղաքապետարանի` մանկապարտեզ այցելած աշխատակիցները 4-5 կգ ժամկետանց կաթի փոշի են հայտնաբերել` «ուրիշ ոչ մի բան»: Կաթի փոշին արդեն թափել են, նրա խոսքով, երեխաներին չեն տվել, չէին էլ տալու: Ինչո՞ւ էիք պահել ժամկետանց կաթի փոշին, հարցրեցինք. «Դե հիմա, ցավդ տանեմ, մնացել է, ի՞նչ ասեմ»:
«Ո՞վ է երաշխավորում, որ այդ ժամկետանց կաթը վաղը չէին տալու երեխաներին»,-տնտեսվարի ասածին արձագանքեց քաղաքապետարանի պաշտոնյան` ավելացնելով, որ այս դեպքում գործ ունենք անբարեխղճության հետ:
«Ես վստահեցնում եմ, որ ցանկացած մանկապարտեզի տնօրեն, ով ուզում է լինի, հաստատ պատասխանատվության է ենթարկվելու, որովհետև ինքը պարտավոր է, ի վերջո, որպես հաստատության ղեկավար վերահսկել այս հաստատությունը»:
Քաղաքապետարանի այս որոշման մասին լսել են մյուս մանկապարտեզներում: Խոհարարներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ հատկապես վերջին շրջանում տնօրենը պարտադրում է առավել զգույշ ու ուշադիր լինեն, ամեն րոպե կարող են քաղաքապետարանից գալ:
Արթուր Գևորգյանն ասաց, որ քաղաքապետարանի վերահսկողության ու հանրակրթության վարչությունների աշխատակիցների կողմից ինչպես մանկապարտեզներում, այնպես էլ դպրոցներում շարունակվելու են անակնկալ ստուգայցերը: Ոչ մի հաստատություն ապահովագրված չէ, հնարավոր է մի քանի օր շարունակ մասնագետները այցելեն նույն կրթական օջախ:
«Որևէ մեկի մոտ չպետք է լինի այն տպավորությունը, թե իմ մոտ արդեն ստուգել են, կարող եմ մի 5 օր հանգստանալ»,-ասաց Գևորգյանը` ընդգծելով, որ ստուգումների ընթացքում շեշտը դրվում է սննդի վրա:
Ստուգումների ընթացքի մասին տեղեկացվում է քաղաքապետին: Օրինակ այս երկուշաբթի աշխատանքային խորհրդակցության ժամանակ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ստուգայցերը կրում են շարունակական բնույթ, և հայտնաբերված յուրաքանչյուր խախտում արձանագրվում է: Տարոն Մարգարյանն էլ ի պատասխան հայտարարել է. «Անթույլատրելի է անորակ և ժամկետն անց սննդի մատակարարումը: Կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու այն կազմակերպություններին, որոնք մանկապարտեզներ կմատակարարեն սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սնունդ»:
Այցերի ժամանկ ստուգվում են նաև հավելագրումները: Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլի 13-29-ը կատարած ուսումնասիրություններից պարզվել էր, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների թվի հաճախման օրվա հաշվառման մասով, օրինակ, թիվ 152 մանկապարտեզում ստուգման օրը արձանագրվել է 35 հավելագրված երեխա: Սույն հիմքով տնօրենն ազատվել է աշխատանքից: Իսկ մինչ այդ Դավիթաշենում գործող չորս մանկապարտեզի տնօրենի խիստ նկատողություն էր հայտարարվել: Ստուգումներից պարզվել էր, որ առանձին մանկապարտեզներում ճաշացանկը չի համապատասխանել սահմանված նորմերին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում