2 խորվաթական զուգարանի համար 100 մլն-ի փոխարեն ծախսվել է 99,8 մլն դրամ. Պարզաբանում
Օրերս բլոգոսֆերայում մեծ աղմուկ բարձրացրած 2 շատ թանկարժեք զուգարանների վերաբերյալ Panorama.am-ի հարցմանը Էկոնոմիկայի նախարարությունից վերջապես պատասխանել են: Հիշեցնենք, որ խոսքը կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Ապրանքների ձեռքբերման գործընթացն իրականացնելու մասին» N1179-Ա որոշման մասին է, որի համաձայն 100 մլն դրամ է տրամադրվել 2 զուգարան գնելու համար:
Նախարարությունից տեղեկացնում են, որ զուգարանները ձեռք են բերվել խորվաթական «Եվրամոդուլ» ընկերությունից, և 2011 թվականի հունիսին ներկրվել են Հայաստան: Մեր հարցին, թե որ ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է ծախսվել այդ զուգարանների ձեռքբերման համար, պատասխանել են «Ընդհանուր առմամբ ծախսվել է 99843104 դրամ: Նշված գումարում ներառված են հարկերը, մաքսային ձևակերպումների ծախսերը, տեղափոխման ու բեռնաթափման ծախսերը»:
Հետաքրքրվել ենք նաև, թե որտե՞ղ են տեղադրված այդ զուգարանները, պատասխանել են. «Զուգարանները տեղադրելու և հետագա շահագործումն ապահովելու լիազորությունները, ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N1179-Ա որոշման համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին: Զուգարաններից մեկը տեղադրվել է Տաթևի վանական համալիրի շրջակայքում, երկրորդը նախատեսվում է տեղադրել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակայքում»:
Նախարարությունից նաև պատասխանել են հարցին, թե ի՞նչ նպատակով են դրանք տեղադրվել` զբոսաշրջության զարգացման, թե՞ անհրաժեշտություն է եղել. «Բազմիցս խնդիրներ են բարձրացվել /այդ թվում նաև ԶԼՄ-ների կողմից/ զբոսաշրջային տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները համապատասխան ենթակառուցվածքներով ապահովելու վերաբերյալ, այդ իսկ պատճառով նպատակահարմար է գտնվել դրանք տեղադրել զբոսաշրջային օբյեկտների շրջակայքում»:
Մեր մյուս հարցին, թե արդյոք դրանք այնպիսի զուգարաններ էին, որ արժեր պետբյուջեից ծախսել 100 մլն դրամ, նախարարությունից պատասխանել են. «Նպատակ էր դրվել ձեռք բերել բարձրակարգ զուգարաններ: Այդպիսի զուգարաններ գնելու նպատակով ուսումնասիրվել են մի շարք ընկերությունների առաջարկներ, և գին-որակ հարաբերակցության լավագույն (նաև ամենամատչելի) առաջարկը եղել է «Եվրամոդուլ» խորվաթական ընկերության առաջարկը»:
Նախորդող հրապարակում. 2 զուգարանի համար 100 մլն դրամ. կառավարության «սխրանքը» ցնցել է հայկական բլոգոսֆերան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում