Դ. Ջամալյան. Բանակի սոցիալականացնող գործառույթը առավել ակնհայտ կդառնա
Օրերս ՀՀ կառավարությունը հանդես եկավ ՀՀ Զինված Ուժերում պարտադիր ժամկետային զինծառայությունից հետո բուհ ընդունվել ցանկացող զինծառայողների համար հատուկ նախապատրաստական կուրսեր կազմակերպելու նախաձեռնությամբ:
Այս հարցի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
-Նախաձեռնությունն անկասկած օգտակար է, և ինչը շատ կարևոր է՝ միանգամայն իրատեսական: Նախևառաջ անդրադառնանք նախաձեռնության օգտակարությանը: Եթե նախաձեռնությունը հաջողությամբ կյանքի կոչվի, ապա կփարատվեն ժամկետային զինծառայության ընթացքում ուսումնական գործընթացի ընդհատման հետ կապված մտահոգությունները, որոնք առկա են բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող զինակոչիկների և նրանց ծնողների մոտ: Բանակում ծառայելու ընթացքում «գիտելիքները մոռանալու» վերաբերյալ նրանց մտավախությունն այս դեպքում կդառնա անհիմն, քանզի տվյալ դեպքում կապահովվի կրթության անընդհատություն:
Նախաձեռնության օգտակարության հաջորդ կողմը կապված է բանակի՝ իբրև անձի սոցիալականացման կարևորագույն ինստիտուտ լինելու հանգամանքի հետ: Ինչպես հայտնի է սոցիալականացումն անձի ձևավորման գործընթացն է: Վերջինիս արդյունքը տվյալ մշակութային միջավայրում ընդունելի արժեքները ներքնայնացրած, տվյալ հասարակության համար տիպական, ինչպես նաև բարոյահոգեբանորեն հասուն անձի կայացումն է:
-Իսկ որո՞նք են զինծառայության սոցիալականացվող գործոնները:
-Զինծառայության սոցիալականացնող գործոններն են. անցումը ինքնուրույն կյանքին, կենցաղի ռեժիմային կանոնակարգվածությունը, պատասխանատվության ստանձնումը տարաբնույթ առաջադրանքների կատարման ժամանակ, ռազմահայրենասիրական արժեքներին հաղորդակից լինելը: Վերը նշվածներին տվյալ դեպքում կավելանա նաև զինծառայողի անձի մասնագիտական կայացմանը նպաստելու գործառույթը՝ մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստելու միջոցով:
Ինչպես գիտենք սոցիալ-հոգեբանական հասունության հիմնական ցուցանիշներից մեկը անձի ինքնուրույնությունն է՝ սեփական կյանքն ինքնուրույն կազմակերպելու ունակությունը: Լինելով սոցիալականացման շղթայի կարևորագույն օղակներից մեկը, բանակը հաջորդում է ընտանիքին և հանրակրթական դպրոցին, միևնույն ժամանակ նախորդում ԲՈՒՀ-ին և աշխատանքային կոլեկտիվին` հանդես գալով իբրև պատանուն ինքնուրույն կյանքին նախապատրաստող կարևոր սոցիալական ինստիտուտ: Այս համատեքստում է, որ առավել ակնհայտ է դառնում բանակի սոցիալականացնող գործառույթը: Պարտադիր զինծառայությունը համընկնում է պատանեկան տարիքի` անձի կայացման գործընթացի բուռն շրջանի հետ: Այս շրջանում կրելով իր վրա բանակի բարերար, բարոյահոգեբանորեն հասունացնող ազդեցությունը պատանին զորացրվում է որպես ինքնուրույն կյանքի պատրաստ երիտասարդ: Մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստելն է՛լ ավելի արդյունավետ կդարձնի բանակի սոցիալականացնող գործառույթի իրականացումը:
-Արդյոք այս նախաձեռնությունն իրատեսական է
-Ակնհայտ է, որ սույն նախաձեռնության կենսունակության գրավականն այն իրականացնելու հստակ մեխանիզմների մշակումն է: Ամենայն հավանականությամբ, այս հարցի վերաբերյալ կծավալվեն հանրային քննարկումներ: Ավելին. դրանք անհրաժեշտ են, քանզի այս դեպքում հետաքրքիր և ոչ ստանդարտ գաղափարների կարիք կա:
Ինչպես հայտնի է պարտադիր ժամկետային զինծառայության ընթացքում զինծառայողը ներգրավվում է զինվորական ուսուցման ինտենսիվ գործընթացի մեջ: Ակնհայտ է, որ նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում անհրաժեշտ կլինի վերանայել ժամկետային զինծառայողների օրվա կարգացուցակն այնպես, որ անձնակազմի մարտական պատրաստության համար անհրաժեշտ ժամաքանակը չնվազի: Այս առումով զինվորական ռեգլամենտավորված առօրյան փոփոխելը թեև դժվար, սակայն իրականանալի գործ է:
Այդուհանդերձ, չի կարելի բացառել նաև հատուկ նախապատրաստական կուրսերի կազմակերպման հնարավորությունը զինծառայողների զորացրվելուց հետո՝ պրոֆիլային բուհ-երում:
Եթե կառավարությանը հաջողվի հստակ մեխանիզմներ մշակելով կյանքի կոչել այս նախաձեռնությունը, ապա մեր հանրության համար բանակն ավելի հրապուրիչ կդառնա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան