Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ այգում շինարարական աշխատանքները խոչընդոտող գործողություններից
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել Մաշոտոցի այգու վերաբերյալ հայտարարությամբ, որում ասված է. «Երևանի Մաշտոցի պողոտային հարող այգում մի խումբ քաղաքացիներ փետրվարի 16-ին և 17-ին փորձում են կասեցնել ընթացող շինարարական աշխատանքները:
ՀՀ ոստիկանությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ թույլատրված շինարարական աշխատանքները խոչընդոտելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի և հասարակական անվտանգության խախտումների առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնելու է վարչական պատասխանատվության:
Իրավիճակի անհարկի սրումը և դրանով պայմանավորված` վարչական հարկադրանքի կիրառումը բացառելու համար ՀՀ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ շինարարական աշխատանքները խոչընդոտող գործողություններից, և իրենց բողոքն արտահայտել «Հավաքների ազատության մասին» օրենքին համապատասխանող եղանակներով»: