Կառավարությունը հաստատեց ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը և սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզը: Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սահմանվել են զինված ուժերի սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզները, ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագիրը: Հայեցակարգով կերաշխավորվի յուրաքանչյուր պաշտոնի ու համապատասխան կրթական չափանիշների տրամաբանական կապը, ՀՀ բուհերի և արտերկրի ուսումնական հաստատությունների դերը ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման գործում: Նախագծով կկարգավորվեն կադրային պահանջարկի հետ կապված խնդիրները՝ համակարգված եղանակով:
Նախատեսվում է նաև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ներդնել ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ սերժանտական /ենթասպայական/ կազմի կրթության և վարժանքի, ինչպես նաև սպայական կազմի ակադեմիական կրթության համակարգ' ՀՀ քաղաքացիական բարձրագույն կրթության չափանիշներին և Բոլոնիայի գործընթացին համահունչ:
Ռազմական կրթության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է իրականացնել առավել ճկուն և անընդմեջ կատարելագործվող քաղաքականություն՝ ապահովելով կրթության շարունակականությունը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ առավել արդյունավետ կիրականացվի ԶՈՒ-ի կադրային և ռազմակրթական քաղաքականությունը: