Եզրակացություն. «Մոզրովի» քարանձավը չի փլուզվել
Հայաստանի Վայոց ձորի մարզում գտնվող «Մոզրովի» կարստային քարանձավը չի փլուզվել, ավելին՝ քարանձավում փլուզումներ տեղի չեն ունեցել: Առկա է քարաթափության դեպք, ինչն ըստ ակնադիտական գնահատման` հետևանք է երկրաբանական և բնակլիմայական ազդեցության: Նման եզրակացության են եկել քարանձավն ուսումնասիրող մասնագետները. մարտի 14-ին նախարարության մարզային համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Արտավազդ Զաքյանի և Հայաստանի անձավագիտական կենտրոնի նախագահության անդամ, անձավագետ-անձավախույզ Վահան Տեր-Ղազարյանի կողմից տեղում կատարվել են դիտարկումներ: Այս մասին Panorama.am-ին փոխանցեցին մշակույթի նախարարությունից:
Արտավազդ Զաքյանի և Վահան Տեր-Ղազարյանի եզրակացությամբ քարանձավի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք: Խիստ վթարավտանգ վիճակ է ստեղծվել կամարի հատվածում: Քարանձավի հիմնական ծավալը վնասված չէ և վտանգ չի սպառնում քարայրի ամբողջությանը:
Հիշեցնենք, որ Վայոց ձորի գնիշիկի գյուղապետից մարտի 13-ին արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Մոզրովի» քարանձավում տեղի է ունեցել փլուզում: Քարանձավում, առաջին մուտքից 20 մ հեռավորության վրա, փլուզվել է մոտ 50-70 խմ հողազանգված, մասնակի փակելով երկրորդ մուտքը: Զոհեր և տուժածներ չկան:
Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող «Մոզրովի» կարստային քարանձավն ընդգրկված է ՀՀ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Քարանձավը, որը բացվել է 1984-1985 թթ. ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ, ուսումնասիրվել է Ուկրաինայից հրավիրված մասնագետների կողմից:
1990 - ականների սկզբներից առ այսօր քարանձավում չեն կատարվել մասնագիտական համակողմանի ուսումնասիրություններ: Քարանձավի ուսումնասիրության, պահպանության և հնարավոր օգտագործման խնդիրները մշտապես գտնվել են նախարարության ուշադրության կենտրոնում. ներկայացվել են առաջարկություններ, որոնք ընթացք չեն ստացել ֆինանսական համապատասխան միջոցների բացակայության պատճառով: Ելնելով ստեղծված իրավիճակից, նախարարությունը մասնագիտացված կազմակերպությունների մասանակցությամբ նախաձեռնել է անձավի ներկա բնապահպանական իրավիճակի համակողմանի` նաև ինժեներաերկրաբանական ուսումնասիրման, հետագա հնարավոր օգտագործման եղանակների հստակեցման աշխատանքները: Իսկ անվտանգության նկատառումներից ելնելով` առաջնահերթ, մետաղական ճաղավանդակով ժամանակավորապես կփակվի քարանձավի մուտքը` ինչի ապահովման նպատակով ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:
Նախորդող նորություն՝ Փլուզում Մոզրովի քարանձավում. Մասնագետները չեն կարողանում հասնել համապատասխան տարածք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին