Մշտադիտարկում. Հեռուստաալիքներն ավելի հավասարակշիռ են դառնում
Մարտի 1-10 խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Երևանի մամուլի ակումբի կողմից իրականացված Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում ու կազմված միջանկյալ հաշվետվության համաձայն, նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման արդյունքների համեմատ, ավելի հավասարակշիռ է դառնում բոլոր կուսակցությունների լուսաբանումը, քչացել են գնահատական պարունակող անդրադարձերը: Հետազոտված հեռուստաալիքներից ոչ մեկում այս անգամ մշտադիտարկման խումբը չի արձանագրել ոչ մի նյութ, որը լուրջ հիմք կտար խոսելու թաքնված քաղաքական գովազդի (քարոզչության) մասին: Այս մասին ասուլիսում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ Երևանի մամուլի ակումբը մարտի 1-ից սկսել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մոնիթորինգ իրականացնել: Մոնիտորինգի են ենթարկվում հանրային երեք լրատվամիջոցներ` Հանրային ռադիոն, Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերությունները և մյուս 6 մասնավոր հեռուստաընկերութունները` Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն, «Շանթ»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր Մեդիա»-ն, ինչպես նաև «Արմնյուզ»-ը: Հետազոտման առարկա են դարձել այն նյութերը, որոնցում առկա էին անդրադարձեր այն 13 քաղաքական կուսակցություններին և շարժումներին, որոնք այս կամ այն ձևով մտադրություն էին հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, կամ էլ ակտիվ դիրքորոշում են ունեցել ընթացիկ քաղաքական կյանքում:
Հետազոտության համաձայն, փոքր-ինչ ակտիվացել է ԶԼՄ-ների հետաքրքրությունը ընտրությունների նախաշեմին քաղաքական իրադարձությունների զարգացման նկատմամբ: Ըստ միջանկյալ հաշվետվության, այս ժամանակաշրջանում ներքաղաքական կյանքին առավել հետաքրքրություն ինչպես կուսակցություններին անդրադարձերի հաճախականությամբ, այնպես էլ նրանց հատկացրած եթերաժամանակի ծավալով, դրսևորել է «Կենտրոն» հեռուստաալիքը, այնուհետև` Հ2-ը, «Երկիր մեդիան», նաև Հանրային ռադիոն: Մշտադիտարկման համաձայն, «Շանթ» հեռուստաընկերությունը մարտի առաջին տասնօրյակում լրատվական ու բանավիճային հաղորդումների կտրվածքով դրսևորել է քիչ հետաքրքրություն, նաև «Արմնյուզը», Հ1-ը: Ընդհանրապես, ամենաշատ ուշադրության են արժանացել հինգ խորհրդարանական կուսակցությունները` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն», նաև ՀԱԿ-ը: Այս շրջանում, ըստ հետազոտության, ՀՀԿ-ի առավելությունն այդքան ակնհայտ չի եղել: Բավականին ինտենսիվ լուսաբանման են արժանացել նաև «Ազատ դեմոկրատները» և ՄԱԿ-ը: ՀՀԿ-ն անվիճելի առաջատար է եղել Հ1-ում, «Արմնյուզում» ու «Արմենիայում», նրա առավելությունը ավելի համեստ է եղել Հ2-ում, Հանրային ռադիոյում և «Շանթում»: «Երկիր մեդիա» հեռուստաալիքում առաջատար է եղել ՀՅԴ-ն, իսկ «Կենտրոնում»` ԲՀԿ-ն: Ամենահամաչափ ուշադրությունը եղել է Հ2-ով ու Հանրային ռադիոյով: Գնահատական պարունակող անդրադարձեր քիչ են եղել «Շանթ», «Երկիր մեդիա», Հ2 հեռուստաընկերություններով, Հանրային ռադիոյով:
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված քաղաքական ուժերի անհավասարակշիռ լուսաբանումը, Բ. Նավասարդյանն ասաց, որ դա բացատրվում է հեռուստաալիքների սեփականատերերի փաստով:
Նա հույս հայտնեց, որ ապրիլի 4-ից, երբ սկսվի պաշտոնական նախընտրական քարոզարշավը, ընտրություններին մասնակից կուսակցությունների, քաղաքական գործիչների լուսաբանումն ավելի հավասարակշիռ կլինի:
Նախորդող նորություն` Մոնիթորինգ. Հեռուստաընկերություններում շատ են գնահատական պարունակող նյութերը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում