Հայաստանում մեկնարկեց զբաղվածության միջոցով հաշմանդամների կենսամակարդակի բարելավման ծրագիրը
Հայաստանում այսօրվանից պաշտոնապես մեկնարկեց «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում` զբաղվածության միջոցով» (Livelihood Improvement through Fostered Employment - LIFE) ծրագիրը: Այսօր շնորհանդեսին ծրագիրը ներկայացրեցին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը և «Փրկեք երեխաներին» (“Save the children”) կազմակերպությունը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:
Ինչպես շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիսովան, ծրագիրը միտված է լինելու խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները, և աշխատանքի մատչելիությունը` որպես մարդու հիմնարար իրավունք: Ծրագիրն իրականացվելու է 3 տարվա ընթացքում` Երևանի 10 համայնքներում և Արարատի, Գեղարքունիկի, Լոռիի և Շիրակի մարզերում:
Ըստ Ջ.Սարգիսովայի` ծրագրի ռազմավարական խնդիրն է արդյունավետ մոդելի մշակումը` Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային հնարավորություններով ապահովելու համար: Մասնավորապես` կիրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց անհատական գնահատում, հմտությունների խթանում և աշխատանքի տեղավորում, ինչպես նաև նախատեսված է ծառայություններ մատուցողների, ՀՈՒԱԿ-ների, գործատուների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների կարողություների զարգացում` հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար:
Ծրագրի շրջանակներում քայլեր կիրականացվեն նաև լրատվամիջոցների, ինտերնետի և համաժողովների միջոցով հանրային իրազեկության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Նախատեսվում է նաև խորհրդատվություն ՀՀ կառավարությանը` հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային հնարավորությունների ռազմավարության և քաղաքականության մշակման, իրականացման և վերահսկման համար:
Ծրագրի անմիջական շահառուներն են լինելու 18-64 տարեկան տղամարդիկ և կանայք, ներառյալ հաշմանդամություն ունեցող մեծահասակները, երիտասարդներն ու ավարտական դասարանների հատուկ կարիքներ ունեցող երեխաները: Շահառուներից է նաև «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն իր կենտրոնների ցանկով:
Ծրագրի շրջանակներում լրացուցիչ տեղեկություն կստանան հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների և իրավունքների մասին ՀՈՒԱԿ-ները, գործատուները, մասնագիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչները գիտելիքներ ձեռք կբերեն հաշմանդամների մասնագիտական վերապատրաստման, կրթական միջավայրի բարելավման, միջազգային փորձի և մոդելների կիառման վերաբերյալ: Կապ կհաստատվի նաև մասնավոր հատվածի հետ` վերապատրաստման դասընթացը աշխատանքային շուկայի ներկայիս պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Իր հերթին «Փրկեք երեխաներին» (“Save the children”) կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը, կարևորելով ծրագրի մեկնարկը Հայաստանում, փաստեց, որ պաշտոնապես գրանցված շուրջ 179 հազար հաշմանդամություն ունեցող անձանցից միան 8-9 տոկոսնն են, որ աշխատանք ունեն: Նա նկատեց, որ հաշմնադամների ընդհանուր թվում զգալի մաս են կազմում նաև երեխաները` շուրջ 5-6 հազար: Նրա գնահատմամբ, թեև կառավարության կողմից շարունակական քայլեր են ձեռնարկվում հաշմանդամների վիճակը մեր երկրում բարելավելու ուղղությամբ, դրանք բավարար չեն: «Դեռ գործում է հաշմանդամություն ունեցող անձի մեկուսացում, նաև հասարակական կյանքից, իրավունքների խախտում, հաշմանդամություն ունեցող ոչ բոլոր անձիք կարող են կրթություն ստանալ, զբաղվել սպորտով, մասնակցել հասարակական գործունեությանը»,-նշեց նա: Ըստ Իրինա Սաղոյանի, հաշմանդամություն ունեցող անձանց համար կարևորը ոչ թե հաշմանդամության նպաստներն են, այլ հասարակության մեջ լիիրավ ինտեգրվելը և աշխատանքը` ըստ իր հնարավորությունների:
Շնորհանդեսին ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերը, կարևորելով ծրագրի մեկնարկը, հայտնեց, որ դեռ Միացյալ նահանգներում իր ընտանիքը աջակցում էր հաշմանդամություն ունեցող անձանց և այսօր Հայաստանում նա ևս պատրաստակամ է ցուցաբերել իր աջակցությունը: «Առաջնահերթ խնդիրը գործընկերության մթնոլորտի ձևավորումն է», - նշեց նա: