Մոնիթորինգ. Քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրության բաշխման համաչափության առումով հեռուստաալքիները բավականին հավասարակշռված են
Մարտի 11-20-ը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Երևանի մամուլի ակումբի կողմից իրականացված Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում ու կազմված միջանկյալ հաշվետվության համաձայն, քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրության բաշխման համաչափության առումով կարելի է համարել բավականին հավասարակշռված:
Ընդ որում, նման գնահատականը կարող է այս կամ այն չափով վերաբերել հետազոտված բոլոր ԶԼՄ-ներին, ավելի շատ` «Արմնյուզին», «Երկիր Մեդիային» և Հ2-ին, իսկ ամենաքիչը` «Շանթին», որտեղ մշտադիտարկման ցանկում ներառված 13 կուսակցություններից/ շարժումներից 7-ը, այդ թվում` խորհրդարանական ՕԵԿ-ը, լիովին կամ գրեթե լիովին անտեսվել են: Այս տվյալները հատկացրել է Երևանի Մամուլի ակումբը:
Հիշեցնենք, որ Երևանի մամուլի ակումբը մարտի 1-ից սկսել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մոնիթորինգ իրականացնել: Մոնիտորինգի են ենթարկվում հանրային երեք լրատվամիջոցներ` Հանրային ռադիոն, Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերությունները և մյուս 6 մասնավոր հեռուստաընկերութունները` Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն, «Շանթ»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր Մեդիա»-ն, ինչպես նաև «Արմնյուզ»-ը:
Հետազոտման առարկա են դարձել այն նյութերը, որոնցում առկա էին անդրադարձեր այն 13 քաղաքական կուսակցություններին և շարժումներին, որոնք այս կամ այն ձևով մտադրություն էին հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, կամ էլ ակտիվ դիրքորոշում են ունեցել ընթացիկ քաղաքական կյանքում:
Մշտադիտարկման արդյունքում, մարտի երկրորդ տասնօրյակում, ի տարբերություն առաջին տասնօրյակի կարելի է երեք առավել բնորոշ միտումներ նշել. առաջին. նկատելիորեն, գրեթե մեկ երրորդով, հետազոտված բոլոր ալիքների հանրագումարային ցուցանիշով հաճախացել են անդրադարձները քաղաքական ուժերին: Սա տեղի է ունեցել ԶԼՄ-ներում և հանրությունում կուսակցությունների ընտրացուցակների աշխույժ քննարկման համապատկերին: Երկրորդ. հեռարձակվողների մեծամասնության եթերում քաղաքական ուժերի լուսաբանումն ավելի հավասարակշիռ էր նշանային բնութագրիչների առումով: Միակ կուսակցությունը, որն առանձին ալիքներում ընդգծված դրական լուսաբանման է արժանացել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր: Բացասականի համեմատ դրական անդրադարձների ավելի համեստ առավելություն է գրանցվել Հայաստանի հանրապետական կուսակցության պարագայում: Վերջինիս դրական անդրադարձները, ի տարբերություն ԲՀԿ-ի, փոքրիշատե հավասարաչափ են բաշխվել հետազոտված ալիքների միջև: Երրորդ. մարտի 11-20 ժամանակահատվածում առանձին հեռուստաալիքներում, վերսկսվել է եթերում թաքնված քաղաքական գովազդի (քարոզչության) հատկանիշներ պարունակող նյութերի ցուցադրման պրակտիկան:
Նշված ժամանակահատվածում ներքաղաքական կյանքին առավել հետաքրքրություն, ինչպես կուսակցություններին անդրադարձների հաճախականությամբ, այնպես էլ նրանց հատկացրած եթերաժամանակի ծավալով, դրսևորել է «Կենտրոն» հեռուստաալիքը: Երկու ցուցանիշներով էլ «Կենտրոնում» թվերը աճել են մարտի առաջին տասնօրյակի համեմատ, երբ այդ ալիքը դարձյալ առաջատար էր: Երկու ցուցանիշներով էլ քաղաքական կուսակցությունների նկատմամբ ուշադրությունը էապես մեծացել է «Արմնյուզի» հետազոտված հաղորդումներում: Մարտի երկրորդ տասնօրյակում այն «ներքաղաքական եթերի» ծավալով առաջ է անցել բոլորից, բացի «Կենտրոնից» և միայն փոքր ինչ զիջել է կուսակցություններին անդրադարձների հաճախականությամբ երկրորդը հանդիսացող Հանրային ռադիոյին:
Մյուս ալիքների առնչությամբ դժվար է միանշանակ խոսել ակտիվության աճի մասին: Հ1-ը, «Արմենիան», «Երկիր Մեդիան», Հ2-ը թեև մեծացրել են քաղաքական ուժերին անդրադարձների հաճախականությունը, սակայն ներքաղաքական գործընթացներին հատկացրած եթերաժամանակի ծավալը մարտի առաջին տասնօրյակի համեմատությամբ այստեղ նվազել է: Սա վկայում է այս հեռարձակվողների մոտ իրադարձային լուսաբանման գերակշռման մասին` բանավիճային-վերլուծականի համեմատ: Եվ ընդհանուր առմամբ, մարտի երկրորդ տասնօրյակի հանրագումարային ցուցանիշներով, ներքաղաքական կյանքին նվիրված հայկական եթերում, առաջին տասնօրյակի համեմատ, նկատվել է վերլուծության և բանավեճերի նկատմամբ ներքաղաքական լուրերի որոշակի գերակայություն:
Դրա հետ մեկտեղ հետազոտված ինը ալիքներից չորսում («Կենտրոնի» ու «Արմնյուզի» հետ միասին «Շանթն» ու Հանրային ռադիոն) աճ է գրանցվել քաղաքական կուսակցությունների նկատմամբ ուշադրությունը բնորոշող երկու ցուցանիշներով էլ: Ընդ որում, «Շանթը», որ մարտի առաջին տասնօրյակում ամենաքիչ հետաքրքրությունն էր ցուցաբերել քաղաքական կուսակցությունների նկատմամբ, այս անգամ ավելի քան քառակի շատ եթերաժամանակ է հատկացրել նրանց, քան մշտադիտարկման նախորդ ժամանակահատվածում, և այդ իսկ ցուցանիշով լքել է հետնապահի իր դիրքերը: Սակայն մյուս ցուցանիշով` կուսակցություններին անդրադարձների հաճախականությամբ, այս ալիքն ամենաքիչ ակտիվն էր մնացել, միայն փոքր ինչ գերազանցելով առաջին տասնօրյակի իր ցուցանիշը: Սա վկայում է ընդհանուր պատկերին հակադիր միտումի մասին` «Շանթի» աճած հետաքրքրությունը զգալի չափով դրսևորվել է «հյուր ստուդիայում» ձևաչափի հաղորդումների, այլ ոչ թե տեղեկատվական լուսաբանման հաշվին:
Հետազոտված հաղորդումների եթերաժամանակի ծավալով ամենաքիչ ակտիվություն նախընտրական գործընթացների լուսաբանման գործում այս անգամ ցուցաբերել է Հ1-ը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախորդ տասը օրերին նույնպես այս հեռուստաալիքը ամենապասիվների շարքում էր այս ցուցանիշով, կարելի է փաստել, որ ընտրություններին քաղաքացիների նախապատրաստման գործում նրա դերը էապես քիչ է, քան մասնավոր հեռարձակվողներինը:
Մոնիտորինգի ենթարկված 8 ալիքների արդյունքների հանրագումարով` մարտի երկրորդ տասնօրյակում թե անդրադարձների հաճախականությամբ և թե եթերաժամանակով առավել ուշադրության արժանացած կուսակցությունների եռյակը նույն տեսքն ունի, էական առավելությամբ առաջատար է ՀՀԿ-ն, որին հետևումմ են ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»: Հետազոտված ԶԼՄ-ներում հարաբերականորեն մեծ հետաքրքրություն առաջացրած մյուս կուսակցությունների պարագայում այս երկու ցուցանիշներով աղյուսակներում զբաղեցրած տեղերը ոչ միշտ են համընկնում: Հայ ազգային կոնգրեսը հինգերորդ տեղում է հայտնվել թե հաճախականության և թե եթերաժամանակի ծավալի ցուցանիշներով: Սակայն առաջին ցուցանիշով ՀԱԿ-ի ու առաջատար եռյակի միջակայքում է հայտնվել ՀՅԴ-ն, իսկ երկրորդ ցուցանիշով` «Ազատ դեմոկրատները»: ՕԵԿ-ը վեցերորդ տեղում է հայտնվել անդրադարձների հաճախականությամբ և յոթերորդ` եթերաժամանակի ծավալով:
Այսպիսով, մարտի երկրորդ տասնօրյակի առնչությամբ կարելի է խոսել արդեն ոչ թե «մեծ վեցյակի» (5 խորհրդարանական կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ինչպես նաև ՀԱԿ), այլ` նկատի ունենալով «Ազատ դեմոկրատների» նկատմամբ կտրուկ աճած հետաքրքրությունը, «մեծ յոթնյակի» մասին:
Մշտադիտարկման առարկա մյուս կուսակցություններն ինչ-որ չափով ստվերում են մնացել, բայց ամենաքիչը դա վերաբերում է խորհրդարանական ընտրություններին նույնպես մասնակցելու հայտեր ներկայացրած երկու կուսակցությունների` Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (ՀԿԿ) և Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (ՀԴԿ), իսկ «Միավորված հայերի» (ՄՀԿ), լուսաբանումը մշտադիտարկման առարկա չէր այս և նախորդ շրջաններում այն պատճառով, որ նախկինում այն հրապարակային ակտիվություն չէր ցուցաբերել և ակնհայտ ձեւով չէր հայտարարել խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու մասին:
Մարտի երկրորդ տասնօրյակում իրեն հատկացված ուշադրությամբ ՀՀԿ-ն անվիճելի առաջատար է եղել Հ1-ում, «Արմենիայում», «Երկիր Մեդիայում» և Հանրային ռադիոյում: Բացի դրանից, անդրադարձների հաճախականությամբ այն բոլորից առաջ է անցել Հ2-ում, «Շանթում» և «Արմնյուզում», իսկ եթերաժամանակի ծավալով` «Կենտրոնում»: ԲՀԿ-ն առանձին ալիքների աղյուսակներում առաջին տեղ է զբաղեցրել անդրադարձների հաճախականությամբ («Կենտրոն») և եթերաժամանակի ծավալով (Հ2): ՀՅԴ-ն եթերաժամանակի ծավալով առաջատար էր «Շանթում», իսկ «Ժառանգությունը»` «Արմնյուզում»:
Մարտի երկրորդ տասնօրյակի էական տարբերությունը մշտադիտարկման նախորդ շրջաններից այն է, որ ՀՅԴ-ն և ինչ-որ առումով ԲՀԿ-ն կորցրել են իրենց գերիշխող դիրքերը համապատասխանաբար «Երկիր Մեդիայում» և «Կենտրոնում»:
Հետազոտված հաղորդումներում շարունակվող առաջընթաց է արձանագրվել քաղաքական ուժերին անդրադարձների նշանային բնութագրիչների (դրական և բացասական) ցուցանիշով: Առանձին վերցված ալիքներից առավել հավասարակշռվածությամբ աչքի են ընկել Հանրային ռադիոն և «Արմնյուզը»:
Նախորդող նորություններ` Մշտադիտարկում. Հեռուստաալիքներն ավելի հավասարակշիռ են դառնում
Հեռուստաընկերություններում շատ են գնահատական պարունակող նյութերը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում