Pia.az. Ադրբեջանի զինկոմիսարիատներում զինակոչիկների առևտուր է կատարվում
Բաքվի Բինագադի շրջանի զինկոմ Մեհման Գուրբանովն ու նրա աշխատակից լեյտենանտ Ալիևը տարբեր ճանապարհներով զինակոչից փախցնում են երիտասարդներին և դրա դիմաց յուրաքանչյուրից 1500-2000 մանաթ (1800-2400 դոլար) կաշառք վերցնում:
pia.az-ին հայտնի է դարձել, որ զինկոմն ու նրա «բանիմաց» աշխատակիցը երիտասարդներին բանակից փախցնելու համար նախ` նրանց տարկետման իրավունք են վերապահում, որոշ ժամանակ հետո այդ երիտասարդները արտասահմանյան երկրներից փաստաթուղթ են ներկայացնում որևէ բարձրագույն դպրոցում սովորելու մասին: Ներկայացվող փաստաթղթերը հիմնականում բերվում են Դաղստանի և Վրաստանի ԲՈւՀ-երից: Իսկ այդ երիտասարդները կամ Ռուսաստանում, կամ էլ Ադրբեջանում հիմնականում զբաղված են առևտրով:
Նշվում է, որ Մեհման Գուրբանովին հովանավորում են պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի մերձավոր Ասլան Ասլանովը և գյուղատնտեսության փոխնախարարը:
Կայքը պարզել է նաև, որ Մեհման Գուրբանովը նախկինում ևս զբաղված է եղել ապօրինի գործերով: Նշվում է, որ այդ պաշտոնում նախկինում թույլ տված անօրինական գործունեությունը ծածկելու նպատակով նրա ցուցումով հրդեհվել է զինկոմիսարիատի արխիվը, որպեսզի վերացվի այնտեղ եղած փաստաթղթերը: Նշվում է, որ արխիվի հրդեհումը կատարվել է Մեհման Գուրբանովին ձերբակալությունից ազատելու համար:
«Այնպես, որ հրդեհը մաքրել է երկար տարիներ Բինագադի շրջանի զինկոմի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Մեհման Գուրբանովի «գործերը»: Իսկ այդ գործին ընթացք չի տրվել` վերևներից եկած հրահանգի պատճառով», -հայտնում է կայքը: