Հայտարարվել է Օձունի վանքը վերականգնող կազմակերպության մրցույթ
Հայաստանի մշակույթի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրած հուշագրի համաձայն հայտարարվել է մրցույթ, որի հաղթողին կհանձնարարվեն Օձուն գյուղի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 17-ը: Պատվիրատու հանդիսանում է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը: Մրցույթի ժամանակացույցի պահպանումը և որակը վերահսկելու է համատեղ հանձնաժողովը, հեղինակային վերահսկողությունը դրված է նախագծի հեղինակների վրա, իսկ տեխնիկական վերահսկողության մասնագետների ընտրությունը կիրականացվի բաց մրցույթով, հայտնում են բարեգործական հիմնադրամից:
Ըստ աղբյուրի, սկզբնապես նախատեսվում էր Օձունի վերականգնման աշխատանքները ֆինանսավորել պետբյուջեի հաշվին, բայց հարցի լուծումը հանձն են առել պատմական և մշակութային ժառանգության պահպանման ջատագովները, որոնք ստեղծել են «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հավաստմամբ, «Օձունի վերածնունդ» ծրագրի իրականացումը վաղ քրիստոնեական հայ ճարտարապետության գոհարներից մեկի վերականգնման գործում պետության և մասնավոր բիզնեսի համագործակցության անդրանիկ օրինակն է:
Գոյություն ունեցող նախագիծը ներառում է միայն զուտ եկեղեցու վերականգնումը, թեև առկա են նաև շրջակա տարածքի բարեկարգման, հարակից մեծարժեք պատմական հուշարձանների վերականգնման խնդիրները: Նախնական գնահատմամբ, անհրաժեշտ կլինի 3-4 տարի, սակայն բացառված չեն, ներկայումս հնարավոր անկանխատեսելի հարցեր: Օձունի վանքը գոյություն ունի մոտ 1500 տարի և կարող է վերականգնողներին կանգնեցնել զանազան խոչընդոտների առջև: Ծրագրի հիմնական նպատակը ոչ թե ժամկետների պահպանումն է, այլ վանքի որակյալ վերականգնումը:
Մասնագետների գնահատմամբ, նման աշխատանքները չեն նախատեսում ստեղծագործական ազատություն, վերականգնողները պարտավոր են գործել խստիվ համաձայն գիտականորեն հիմնավորված նախագծերի: