«Արի գնանք մարզպետի, Նովոյի ու քաղաքապետի ներկայությամբ պտի հրաժարական տաս». Արմավիրի միջադեպի հետքերով
Այսօր առավոտվանից լրատվամիջոցները ողողված են Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի կցկտուր մանրամասների ներկայացմամբ: Հստակ տեղեկություններ այն մասով, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել և ո՞րն է պատճառը, հատկապես` ո՞ր կուսակցությունների ներկայացուցիչներն են ներգրավված այդ ամենում, Ոստիկանությունը դեռ չի հայտնում, սակայն հաստատում է փաստը, որ բախում, այո, տեղի է ունեցել:
Նշենք, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, գերեզմանոցում, այսօր առավոտյան ծեծկռտուք է եղել, անգամ կրակոցներ են հնչել: Բախման գլխավոր դերակատարները նշվում են ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդի` Արտակ Գևորգյանը և Սամսոն Պողոսյանը, ով վերջերս է վաղաժամկետ ազատվել և հանրությանը հայտնի է իբրև ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի դեմ մահափորձ կատարած անձնավորություն: Հիշյալ անձինք, ըստ շրջանառվող լուրերի, դաժան ծեծի են ենթարկել թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանին ու նաև նրա համախոհներին:
Նշենք, որ բացի այս անուններից, շրջանառվում էր նաև, որ բախման մեջ ներքաշված է եղել Քաղաքաշինության նախարարության Արմավիրի տեսչության պետ Արայիկ Ալեքսանյանը, սակայն պարզվեց, որ խոսքն ամենևին էլ նույն միջադեպի մասին չէ, այլ` թիվ 21 ընտրատարածքը երեկվանից է իրար խառնվել: Ա.Ալեքսանյանի մասնակցությամբ միջադեպը եղել է դեռ երեկ ու գերեզմանոցի գործի հետ կապ չունի: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի շտաբի պետ Արտակ Բաբախանյանը, ով, սակայն, տեղեկացրեց, որ իր ունեցած տեղեկությունները, այսպես ասած, ժողովրդական մակարդակի են` «ժողովուրդն է խոսում, պատմում, մենք էլ մեր ծանոթների միջոցով ենք իմացել». «Վիճաբանության արդյունքում Արայիկին ծեծի են ենթարկել, իմ ունեցած տեղեկատվությամբ` Արտակ Գևորգյանն ու Սամսոն Պողոսյանը: Բայց ի՞նչն է պատճառը չգիտեմ»,- առաջին էպիզոդի մասին միայն այսքանը փոխանցեց նա:
Ինչ վերաբերում է այսօրվա կրակոցներին ու գերեզմանոցում տեղի ունեցած «ռազբորկային», ապա նա, նախ, հաստատեց, որ կրակոցներ եղել են և որ որոշ անձինք այժմ հիվանդանոցում են, իսկ ինքնառաջադրված թեկնածու Մերուժան Մխոյանն էլ ծանր վիճակում է. «Մոտ 10-15 հոգի մտել են Մերուժան Մխոյանենց տուն, ծեծել են նրան, ահաբեկել, թե` արի գնանք մարզպետի, Նովոյի ու քաղաքապետի ներկայությամբ պտի հրաժարական տաս: Դրանից հետո Մերուժանին առևանգել, տարել են գերեզմանոց, որտեղ կռիվը շարունակվել է… ես այսքանը գիտեմ»,- պատմեց նա:
Ի դեպ, որոշ ԶԼՄ-ներ գրել էին, որ Մխոյանը Ռուստամ Գասպարյանի մտերիմն է, սակայն մեր զրուցակիցը նշեց, որ թեև Ռուստամ Գասպարյանը շփում ունի Մ.Մխոյանի հետ, բայց մտերմություն անվանել այդ շփումները սխալ է: Առավել ևս պնդել, որ ԲՀԿ-ան աջակցում է նրա առաջադրմանը ևս:
Վերադառնալով Մ.Մխոյանի առողջական վիճակին, Ա.Բաբախանյանը նշեց, որ կապ չունի նրա հետ, սակայն քիչ առաջ հանդիպել է թեկնածուի ընկերոջը, ով «ի վիճակի չէր ընդհանրապես խոսալ, այդքան վատ վիճակում էր… նա հասել է, որ օգնի Մերուժին, բայց իրան էլ են ծեծել….»:
Վերջում էլ ավելացրեց, որ լարվածությունը Արմավիրի մարզում մեծ է, «մեղվի փեթակի» նման Արմավիրը բզզում է, մարդիկ ուղղակի հոգնել են բռնատիրական կարգերից ու այն ամենից ինչ կա. «Հիմա էլ մարդիկ հավաքվել են ու հարցնում են` ի՞նչ անենք, ինչքա՞ն սենց շարունակվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները