Լրանում է աստղագետ Մամիկոն Մնացականյանի 70-ամյակը
Ապրիլի 17-ին լրանում է հայ աստղագետ Մամիկոն Ասատուրի Մնացականյանի ծննդյան 70-ամյակը: Ծնվել է 1942թ. Երևանում: 1965-ին` ավարտելով ԵՊՀ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնը, աշխատանքի է անցել Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ), որտեղ աշխատել է մինչև 1991թ.:
1969-ին ակադ. Գ.Ս. Սահակյանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ` «Ընդհանրացված հարաբերականության ընդհանրուր տեսություն» թեմայով, իսկ 1984-ին` պաշտպանելով «Ճառագայթման տեղափոխման տեսության նոր ապարատ» թեմայով թեզը, արժանացել է ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտորի գիտ. աստիճանի: 1977-1991-ին դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, 1989-ից` պրոֆեսոր: 1972-1985-ին եղել է ԲԱ գիտական քարտուղարը, իսկ 1985-1991-ին` ԲԱ կից մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը: 1988-1991-ին եղել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական պրոցեսների մաթեմատիկական մոդելավորման կենտրոնի տնօրենը:
Այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ և 1997-ից Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) «Մաթեմատիկա» ծրագրի աշխատակից է: Գիտական աշխատանքները նվիրված են տեսական ֆիզիկային և աստղաֆիզիկային, մասնավորապես` փոփոխական գրավիտացիոն հաստատունով ընդհանրացված հարաբերականության ընդհանուր տեսությանը, աստղային վիճակագրությանը և դինամիկային (բաբախիչներ, բռնկվող աստղեր, աստղասփյուռներ և աստղային ագրեգատներ), ճառագայթման տեղափոխման տեսության մեջ նոր եղանակների մշակմանը և կիրառմանը:
Հայկական աստղագիտական ընկերությունից նաև հայտնում են, որ նա զարգացրել է տիեզերական մարմինների էվոլյուցիային առնչվող Համբարձումյանի կողմից առաջարկված մի շարք հեղափոխական գաղափարների տեսական հիմքերը: Մշակել է նոր վիճակագրական եղանակներ և կիրառել Համբարձումյանի կողմից կանխատեսված աստղասփյուռների և աստղային ագրեգատների ընդարձակումը հաստատելու համար: Ձևափոխել և ընդարձակել է Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքը և դրանով կապ է ստեղծել ճառագայթման տեղափոխման տեսության և տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի մի շարք բաժինների միջև: Հրապարակել է ավելի քան 100 գիտական աշխատանք: 1975-1991-ին եղել է Արևելյան Եվրոպայի երկրների «Աստղերի ֆիզիկա և էվոլյուցիա» հանձնաժողովի անդամ: Միջազգային աստղագիտական միության անդամ է (1978):