Աշոտյան-Զոլյան. Այսօր պետք է սպասել նոր զարգացումների
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից հայտնում են, որ այսօր` ապրիլի 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ուսումնական պրոցեսը ընթանալու է անխափան և բնականոն կերպով: «Կոչ ենք անում բոլորին ներկա գտնվել դասերին»,-ասված է ԵՊԼՀ ռեկտորատի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ տարբեր հայտարարությունների համաձայն, այսօր ուսանողները բողոքի ակցիա են անցկացնելու ԿԳՆ շենքի առջև` պահանջելով չեղյալ ճանաչել նախարար Արմեն Աշոտյանի հրամանը, որով լուծվել է բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի աշխատանքային պայմանգիրը:
Երեկ ստեղծվել է «Բրյուսովցիներ» միությունը, որը դատապարտել է «այն բեմականացումը, որը ստեղծվել է բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի շուրջ, միայն այն բանի համար, որ նա չի անդամակցել Հանրապետական կուսակցությանը»:
Նշենք, որ այսօր ասուլիս է հրավիրել Սուրեն Զոլյանը: Ակնկալվում է, որ Աշոտյանին լրագրողները այսօր ևս թեմայի վերաբերյալ հարցեր կուղղեն: ԿԳ նախարարը կայցելի ԿԳՆ լեզվի պետական տեսչություն և բարձրագույն որակավորման հանձնաժողով /Կիևյան 16/, որոնք վերջերս վերանորոգվել են ՀՀ կառավարության տրամադրած ֆինանսական հատկացումներով:
Այնպես որ Աշոտյան-Զոլյան լեզվակռիվն ու հակամարտությունը շարունակվում է: Զոլյանը հայտարարել է, թե «պարտավոր չէ կատարել» օրենսդրությանը հակասող որոշումները:
Նկատենք, որ պաշտոնից ազատելուց մեկ օր առաջ` ապրիլի 16-ին Աշոտյանը շնորհավորել էր Զոլյանին ծննդյան տարեդարձի առթիվ, շնորհավորական նամակը հրապարակվել էր համալսարանի պաշտոնական էջում:
Նախորդող հրապարակումներ`
Դադարեցվել են Զոլյանի լիազորություները և լուծվել աշխատանքային պայմանագիրը
Զոլյանի պատասխանը Աշոտյանին. «Անհամաձայնության դեպքում կարող եք վիճարկել այս գրությունը»
Ֆեյսբուքում Աշոտյանը մեկ անգամ ևս հայտնում է՝ «Ս. Զոլյանը ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում»