Ա. Էգիբյան. ԱՕԿՍ-ի շենքը չի կարող քանդվել
«Ինչպես կարող են այս շենքը քանդել: Նման խոսակցություն չի եղել»,- այսպիսին էր ԱՕԿՍ-ի պատասխանատու Աննա Էգիբյանի պատասխանը Panorama.am-ի հարցին, թե ԱՕԿՍ-ի շենքը քանդվո՞ւմ է:
Աբովյան փողոցում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության` ԱՕԿՍ-ի շենքը կառուցել է 1910 թ.: Աֆրիկովը և մի շարք այլ բարերարներ այն կառուցել էին ջրծաղիկի համաճարակից տառապող հիվանդներին այստեղ բուժելու նպատակով: Շենքն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում: 1950-ականներին շենքի ետնամասում ավելացվում է մի նոր հատված:
Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց Աննա Էգիբյանի հետ:
-Տիկին Էգիբյան, այդ դեպքում որտեղի՞ց նման խոսակցություններ, թե շենքը քանդվում է:
-Ոչ թե շենքն է քանդվում, այլ շենքի հետևին կից մի կառույց, որը ավելացվել է 1960-ական թվականներին: Այդ ժամանակ այս շենքում բացի ԱՕԿՍ-ից, նաև Սփյուռքի կոմիտեն էր տեղակայված: Իսկ խորհրդային շրջանում ով ինչ ուզում էր, տալիս էին, հետևաբար հավելյալ կառուցվեց այդ հատվածը: Իսկ երբ արդեն հյուսիսային պողոտայի նախագիծը մշակվեց, այդ ժամանակ տեսել են, որ այդ կառույցը չի մտնում գլխավոր հատակագծի մեջ, որոշեցին քանդել:
-Դուք չբողոքեցի՞ք այդ որոշման դեմ, որևէ քայլեր չձեռնարկեցի՞ք:
-Մեր սեփականությունն այս շենքն է, իսկ սրան ձեռք չեն կարող տալ: Այդ քանդվողը հատվածը մերը չէր, ինչպես ասացի, հավելյալ էր: Բայց այդ կառույցը քանդվել է 2008-ի կամ 2009-ի մարտին: Զարմանում եմ, ինչո՞ւ են սկսել հիմա խոսել այդ մասին: Եթե մտահոգի էին, թող այդ ժամանակ բարձրաձայնեին: Այս երկու օրը քանդել են միայն մնացած մի պատը:
-Դուք պնդում եք, որ ԱՕԿՍ-ի շենքը չի քանդվելո՞ւ:
-Ի պաշտոնե հայտարարում եմ, որ ԱՕԿՍ-ի շենքը չի քանդվի, սա պատմական հուշարձան է, ընդգրկված է պահպանվող հուշարձանների ցուցակում: Մենք հիմա սպասում ենք, որ այս շինարարական աշխատանքներն ավարտվեն ու մենք սկսենք շենքի վերանորոգման աշխատանքները: Բայց միայն վերանորոգվելու է: Հնարավոր չէ, որ այս շենքը քանդվի: Իսկ այն խոսակցությունները, թե ինչու է շենքի առաջին հարկը տրվել վարձով, որտեղ կաֆե է գործում, ասեմ, որ մենք հասարակական կազմակերպություն ենք, հետևաբար մենք ինքներս պետք է մեր ծախսերը հոգանք:
Հ.Գ.Քիչ առաջ «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարեց, որ պատրաստվում է «ԱՕԿՍ-ի շենքը իմն է» խորագրով քաղաքացիական բողոքի ակցիա իրականացնել Աբովյան 3/1 հասցեում ԱՕԿՍ-ի շենքի հարևանությամբ:
«Ընտրությունների կարևոր առաքելության ավարտից հետո՝ իշխանությունները շարունակում են քանդել մեր քաղաքը: Բիզնեսի և փողի ցնորհքի ալիքին կարող է զոհ գնալ Աբովյան փողոցում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը, որը երեկ և այսօր, քաղաքական խառը իրադրությունից օգտվելով, կառուցապատողը սկսել է քանդել: Մենք՝ մեր քաղաքի ինքնորոշված քաղաքացիներս, վաղը գնում ենք դեպքի վայր՝ քաղաքացիական ստուգայցի: Մեզ հետաքրքրում է ամեն ինչ՝ կապված ԱՕԿՍ-ի շենքի հարևանությամբ սկսված շինարարական աշխատանքների հետ: Քաղաքային իշխանությունները պետք է պատասխան տան պատմամշակութային արժեք ներկայացնող և հաստատված հուշարձան շենքի խարխլմանը նպաստող գաղտագողի, խլուրդա-քանդարարական և էլիտա-նախագծային աշխատանքների թույլտվություն տալու համար» - ասված է «Մեր քաղաքը» ՀՔՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան