«Հարսանիք լեռներում». Շուշիի ազատագրումից անցել է 20 տարի
1992թ. մայիսի 8-9-ին իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ Շուշիի ազատագրումը: Հետագայում տարբեր երկրների բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ ու մասնագետներ հիացմունք ու զարմանք էին արտահայտել, թե ինչպես հայերը կարողացան երկու օրվա գրոհով ազատագրել այդ անառիկ բերդաքաղաքը, որը երեք կողմից պաշտպանված է լեռներով ու անդունդներով: Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ Շուշին դարձել էր Ադրբեջանի հիմնական ռազմական հենակետը, որտեղից ռմբակոծվում էին Ստեփանակերտն ու շրջակա գյուղերը: Ադրբեջանցիները խաղաղ բնակչության դեմ օգտագործում էին միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ ԳՐԱԴ, համազարկային կայանքեր: Ստեփանակերտի հարակից գյուղերի բնակչությունը ամիսներ շարունակ ստիպված թաքնվում էր շենքերի նկուղներում՝ առանց լույսի և ջերմության:
Շուշիի ազատագրումը Արցախի համար կյանքի ու մահվան հարց էր: Քաղաքի ազատագրման գործողությունը մշակվել ու ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական պայքարի հերոսների կողմից՝ լեգենդար գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանի (Կամանդոս) ղեկավարությամբ:
Գործողությանը նախապես տրվել է «Հարսանիք լեռներում» անվանումը: Գրոհելով միաժամանակ չորս ուղղություններով, հայ մարտիկները կազմակերպվածության բացառիկ խիզախության ու վճռականության շնորհիվ, մայիսի 9-ին ամբողջովին ազատագրել են քաղաքը:
Ադրբեջանցիները իրենց հիմնական զինապահեստ էին դարձրել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչը՝ վստահ լինելով, որ հայերը ոչ մի դեպքում չեն ռմբակոծի եկեղեցին: Բարեբախտաբար, ադրբեջանցիները խուճապահար փախուստի ժամանակ չհասցրեցին պայթեցնել եկեղեցին: Շուշիի ազատագրման շնորհիվ դադարեցվեցին Ստեփանակերտի և շրջական բնակավայրերի ռմբակոծումները, այն բեկում մտցրեց պատերազմում և Արցախը նվաճեց փաստացի անկախությունը: Այդ օրվանից հայ ժողովուրդը մայիսի 9-ը նշում է որպես կրկնակի տոն՝ հաղթանակ Շուշիում և հայրենական մեծ պատերազմում:
Շուշիում գործում է երկրագիտական թանգարան, պատկերասրահ, քաղաքում կարելի է տեսնել Շուշիի ազատագրմանը մասնակցած տանկը՝ Տանկ հուշարձանը, Հայաստանի և Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը, ազատամարտիկների հիշատակի խաչքարը:
Շուշի քաղաք-ամրոցը Գորիս Ստեփանակերտ մայրուղու վրա է՝ Ստեփանակերտից 11 կմ հարավ բարձունքի վրա: Քաղաք մուտք գործել հնարավոր է միայն մեկ կողմից, մեկ ճանապարհով, և ինչպես արդեն նշել ենք, այն երեք կողմից շրջապատված է ժայռերով:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Նշենք, որ երեկվանից Արցախի տարբեր բնակավայրերում անցկացվում են տոնական միջոցառումներ, իսկ քիչ առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է հաղթանակի շքերթը:
Միջոցառումներին ներկա գտնվելու համար Արցախում են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները:
Նախորդող հրապարակում`
Հաղթանակի շքերթը մեկնարկեց Ստեփանակերտում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ