Նախարարություն. փլուզվել է Սբ.Նշան եկեղեցուն կից զանգակատունը
ՀՀ մշակույթի նախարարությունը ճշգրտված տեղեկատվության համաձայն հայտնում է, որ փլուզվել է Սբ.Նշան եկեղեցուն կից զանգակատունը: Փլուզման պատճառ է հանդիսացել տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերն ու Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևները:
Հիշեցնենք, որ տարածված տեղեկատվության համաձայն, մայիսի 13-ի գիշերը լույս 14-ի առավոտյան փլուզվել է Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցին:
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ այս տարվա հունվար ամսին ձեռքբերված փոխադարձ պայմանավորվածության համաձայն, վրացական կողմը ս.թ. ապրիլի վերջին ՀՀ մշակույթի նախարարությանն է տրամադրել Սբ Նշան եկեղեցու վերականգնման, ամրակայման նախագիծը` հայկական կողմի մասնագիտական կարծիքի համար: Հաշվի առնելով նոր իրավիճակը` եկեղեցուն կից զանգակատան փլուզման փաստը, ՀՀ մշակույթի նախարարությունը Վրաստան է գործուղում վերականգնող ճարտարապետի, ով տեղում կծանոթանա հուշարձանի ներկայիս վիճակին, վրաց մասնագետների հետ կքննարկի ծագած խնդիրները և կներկայացնի մասնագիտական տեղեկատվություն: Մասնագիտական կարծիքը հաշվի կառնվի ներկայացված նախագծի լրամշակման և վրացական կողմի հետ համատեղ քննարկումների ժամանակ:
Նախորդող նորություն՝ Թբիլիսիում մասնակի փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին