Մոնիտորինգ. Պետական, որ մարմինների կայքերն են թափանցիկ և ոչ թափանցիկ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից իրականացված «ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրները` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի» տվյալների, Հայաստանի նախարարությունների, կառավարության առընթեր և այլ պետական մարմիններից տեղեկատվական ամենաթափանցիկության մակարդակով ամենաբարձրը Տարածքային ու կառավարման նախարարությունն է, այնուհետև` տրանսպորտի ու կապի նախարարությունը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ԿԳՆ, ԿԲ-ն:
Վարկանշային ցուցակում ընդգրկված 35 կայքերից վերջին տեղերում են ՀՀ ոստիկանությունը, վերհսկիչ պալատը, մշակույթի նախարարությունը, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, հեռուստատեսության և ռադիոյի ազգայի հանձնաժողովը: Այս տվյալները լրագրողներին ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա նաև ներկայացրեց մոնիտորինգի անցկացման մեթոդաբանությունը, որը մշակել են Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը, բայց տեղայնացվել է:
Մոնիթորինգն անցկացվել է այս տարվա փետրվարի 15-ից ապրիլի 15-ը: Կայքերում գնահատվել են` հանրային նշանակություն ունեցող, հրապարակման ենթակա տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, հրատապությունը, մատչելիությունը` տեխնիկապես:
Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը` տեխնիկական: Ուսումնասիրվել են պետական մարմինների 52 կայք, որոնք պայմանականորեն բաժանվել ենք երեք խմբի. առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունները, կառավարության առընթեր և այլ պետական մարմիններ` 35 կայք, երկրորդ խմբում ընդգրկված են 10 մարզերի պաշտոնական կայքերը: Մարզերի պաշտոնական կայքերի վարկանշային աղյուսակը գլխավորում է Սյունիքի մարզպետարանի կայքը, այնուհետև` Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Շավուշի, Արարատի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մազպետարանների կայքերը:
Երրորդ խմբում ընդգրկված են ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, ՍԴ-ի, դատախազության, Երևանի քաղաքապետարանի ու ՄԻՊ պաշտոնական կայքերը: Սրան վերաբերող վարկանշայի աղյուսակ չի կազմվել, քանի որ այդ մարմինների գործառույթները, հետևաբար նաև մոնիտորինգի ընթացքում ստացված տվյալները` համադրելի չեն:
Նախագահի կայքի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատվել է 28.91 տոկոս, ԱԺ-ինը` 45.07 տոկոս, կառավարությանը` 39.92 տոկոս, ՍԴ-ինը` 42.02 տոկոս, դատախազությանը` 55.58 տոկոս, Երևանի քաղաքապետարանինը` 32.89 տոկոս, ՄԻՊ-ինը` 41.42 տոկոս:
Նախարարությունների, կառավարության առընթեր և այլ պետական մարմինների կայքերի մեծամասնությանը բնորոշ թերություններից է` տվյալ ՊՄ-ի ղեկավարի, տեղակալների գործունեությանը վերաբերող հրապարակումների, պաշտոնատար աձնաց որոշումները կամ գործողությունները վիճարկելու մասին տեղեկությունների բացակայությունը: Հաճախ թերի են ներկայացված ՊՄ-ի իրավաստեղծ գործունեությունը, ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ ՊՄ-ի գործունեությանը վերաբերող տվյալները, առկա չեն մրցույթների, աճուրդների և կնքված պետական պայմանագրերի մասին տեղեկությունները:
Մարզպետարանների կայքերի պարագայում բացակայում են նաև որոշ նորմատիվ իրավական փաստաթղթերի տեքստերը, թույլատրական գործունեության իրականացման կարգերը, չկան կամ թերի են նաև թափուր պաշտոնները զբաղեցնելուն, բյուջեից ստացվող հատկացումներին և ծախսերին վերաբերող տեղեկությունները:
Երրորդ խմբի կայքերում առավել հարուստ տեղեկություններ են պարունակում այն բաժինները, որոնք վերաբերում են պետական մարմնի մասին ընդհանուր տեղեկատվությանը, բացակայում են հանրային նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են` տվյալ մարմնի գործունեության ապահովման համար հատկացված բյուջետային միջոցների ծախսի, ՊՄ-ում իրականացված ստուգումների և դրանց արդյունքների մասին, բացակայում են թափուր պաշտոնների ցանկը և այլն:
Ա. Մելիքյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ նկատվել է առաջընթաց, բայց ցանկալի է, որ քայլերն ավելի ակտիվ ու արդյունավետ լինեն: