Վերջին զանգը հնչեց նաև Մոնթե Մելքոնյան վարժարանում (լուսանկարներ, տեսանյութ)
Վերջին զանգն այսօր հնչեց նաև ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում. վարժարանի ավարտական դասարանի սաները Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացրեցին Վերջին զանգի հանդիսավոր արարողությունը:
Ողջունելով սաներին ու նրանց ծնողներին, նախարարը նշեց, որ վարժարանն իր առջև դրված նպատակներն իրականացրել է. «Նախևառաջ այն պատճառով, որ կրում է լեգենդար Մոնթեի անունը և մեր երիտասարդները ուզում են նմանվել Մոնթեին: Վարժարանը տվել է շուրջ հազար շրջանավարտ և նրանցից շատերն այսօր զորամասերի հրամանատարներ են ու ծառայություն են տանում տարբեր պաշտոններում»,- հայտարարեց նա ու ավելացրեց, որ այսօրվա շրջանավարտ 84-ից 82-ը արդեն իսկ հայտարարել են, որ իրենց կյանքը կապելու են զինվորական ծառայության հետ. «Իսկ դա նշանակում է, որ վարժարանում նրանք ձեռք են բերել զինծառայության համար համապատասխան հմտություններ ու կարողություններ, որոնք անհրաժեշտ են սպայի հերոսական մասնագիտությանը տիրապետելու համար»,- հավելեց Ս.Օհանյանը:
Պաշտպանության նախարարի ելույթից հետո վարժարանի սաները ցուցադրեցին այն բոլոր հմտությունները, որոնք ձեռք են բերել ուսման տարիներին: Այդպես, ցուցադրվեց օդային ու գետային անցում պարաններով, շենքից տուժածի տեղափոխում պատգարակով, հարձակում թշնամու վրա, նրա ու թշնամու ռազմական մեքենայի վնասազերծում և այլն: