Օձունի վանքի վերականգնման մրցույթի հաղթողի անունը հայտնի է
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կիրականացնի «ԼևԳուգ» ՓԲԸ-ն: Մրցույթի հաղթողը պարտավորվում է ավարտել V-VII դարերի հայ ճարտարապետության մարգարիտի նորոգումն ու վերականգնումը երեք տարվա ընթացքում: Նախագծի արժեքը կազմում է 320 մլն դրամ:
Այս տարվա մարտի 27-ին հայտարարված մրցույթին մասնակցել են 8 հայկական շինարարական ընկերություններ: Մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, երեք փուլերի ընթացքում քննարկելով հայտերը, ընտրել է երկու հավակնորդի:
«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը լավագույնն է համարել «ԼևԳուգ» ՓԲԸ-ի առաջարկությունը:
Հիմնադրամի հաղորդմամբ, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կսկսվի շինարարական աշխատանքների կատարման թույլատրություն ստանալուց հետո: Այդ ժամանակացույցի պահպանումը և աշխատանքի որակը վերահսկելու է համատեղ իրազեկ հանձնաժողովը, հեղինակային վերահսկողությունը դրված է նախագծի կազմողների վրա: Արդեն ստորագրված է պայմանագիր տեխնիկական վերահսկողությունն իրականացնող մասնագետների հետ:
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնման ծրագրի իրականացումը կդառնա պետության և մասնավոր բիզնեսի համագործակցության անդրանիկ օրինակը: Վերանորոգողները պարտավորվում են վերականգնել իրենց հանձնարարված շինությունը` խստագույնս համաձայն գիտականորեն հիմնավորված նախագծի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան