Բրազիլահայ համայնքը լուրջ խնդիրներ ունի
«Այսօր կարող ենք ասել, որ Բրազիլիայի հայ համայնքը 30 հազար մարդ է ներառում: Եթե հատկապես, հաշվի առնենք, որ արդեն չորրորդ սերունդն անցել է և 5-րդն է մեծանում»,- այսօր անդրադառնալով բրազիլահայ համայնքի խնդիրներին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ատենապետ Օշին Լեոն Մոսդիչյանը:
Նա նշեց, որ Բրազիլիայում գործում են հայկական եկեղեցիներ, մեկ դպրոց` 90-100 աշակերտով, ակումբ և այլ հայկական հաստատություններ:
Ասուլիսին ներկա էին բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ Էդուարդո Մեկբեկյանը և Արշակ Ջանյանը: Նրանք բրազիլահայ համայնքի հիմնական խնդիրը համարում են հայերեն լեզվի իմացության խնդիրը և համայնքի ուծացումը:
«Բրազիլահայերի շատ քիչ մասը գիտի հայերեն, իսկ Հայաստանում պորտուգալերեն իմացողներն են շատ քիչ»,- ընդգծեցին բանախոսները:
Նրանց խոսքերով` Հայաստանից հեռարձակվող տեղեկատվական հրապարակումներում ևս պորտուգալերենը չի օգտագործվում: Հայաստանցիների և բրազիլահայերի միջև շփումը արդյունավետ չի ստացում նաև անգլերենի միջոցով:
Բանախոսների համոզմամբ` ստացվում է, որ Հայաստանը Բրազիլիայի հայ համայնքի հետ շփման հարցում ծանր խնդրի առաջ է կանգնած:
Անդրադառնալով համայնքի կողմից իրականացված բարեգործական ծրագրերին Լ. Մոսդիչյանը պատմեց մի շարք բարեգործությունների մասին, որոնք Հայաստանում իրականացվել են տարիներ շարունակ:
Բանախոսները հայ համայնքի համախմբման հարցում կարևորեցին եկեղեցական կառույցների դերը, ինչպես նաև նշեցին, որ 1986 թվականին կառուցվել է մարզարան, որից օգտվում են նաև տեղացիները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան