Սամվել Ալեքսանյանը եկամուտ չի ակնկալում «Փակ» շուկայից (տեսանյութ)
««Փակ» շուկան շուտով կվերադարձվի երևանցիներին` իր արտաքին տեսքն ամբողջավին պահպանած և բարեկարգ վիճակում: Կվերականգնվեն շենքի փլուզված սյուները, թեև շուկան բազմահարկ չի դառնա, սակայն այն կդասվի Ալեքսանյանի` հայտնի բրենդ դառած տասնյակ Սիթիների շարքում»: Այս մասին այսօր ԱԺ -ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր գործարար Սամվել Ալեքսանյանը:
Շարունակելով Փակ շուկայի ճակատագրի թեման, որը Գագիկ Ծառուկյանից ձեռք բերելուց հետո վեր է ածվել շինհրապարակի, պատգամավորը վստահեցրեց, թե դրա արտաքին տեսքը չի փոխվելու, իսկ վերակառուցումից հետո այն տեղ գործելու է գյուղմթերքների շուկա:
««Փակ» շուկան իրան -իրան քանդվել է, որովհետև 52 թվի կառույց է: Հիմա հանձնաժողով է ստեղծվել, որ նայեն, թե ինչից է քանդվել: Գիշերը տարածք տեխնիկա չէր մտել.ընդամենը կամարը, որ պատին հենված էր և կարող էր վնաս տալ, փուլ գար ժողովրդի վրա, ընդամենը նենց ենք արել, որ ոչ մի բան չլինի:
Երբ էդ հանձնաժողովը եզրակացությունը կտա, պարզ կլինի թե ինչ անենք: Ինքը [շենքը] շատ վատ էր, սենց թե նենց սեյսմիկները ասել էին, որ պետք է քանդվեր: Բայց թե էդ վախտ խի քանդվավ, ես չեմ իմանում»:
Սամվել Ալեքսանյանն այսօր ասաց` չգիտի, թե ինչի պատճառով են փլուզվել կամարները, բայց վստահեցնում է, որ դրանք ինքնափլուզվել են:
«Պատերի տակ ինչ ասես խոսում են...Ժողովուրդ, դառնալու է շուկա, շուկա` ոնց որ հիմա կա: Ոչ մի բազմահարկ շենք էլ չի լինելու: Մեկ հարկանի շուկայա դառնալու: Ոչ թե «Երևան Սիթի», այլ «Երևան շուկա»: Կամարները վերականգնվելու են», - ասաց նա:
Սամվել Ալեքսանյանը հավելեց նաև, որ եկամուտ չի ակնկալում «Փակ» շուկայից:
Հիշեցնենք, Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված Փակ շուկայի կամարները փլուզվել էին մայիսի 27-ի գիշերը` տարածքում կատարված շինարարական աշխատանքների հետևանքով:
Շուկայի ճակատագրով մտահոգված ակտիվիստների ահազանգից հետո աշխատանքները դադարեցվել էին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան